Լրահոս

09.11.2009 15:12


Էդուարդ Շարմազանով. «Դա թուրք պատգամավորի հիվանդ երևակայության արդյունքն է։ Ես այդ հայտարարությունը կորակեմ որպես կարկառուն տգիտություն և հիմարություն»

Էդուարդ Շարմազանով. «Դա թուրք պատգամավորի հիվանդ երևակայության արդյունքն է։ Ես այդ հայտարարությունը կորակեմ որպես կարկառուն տգիտություն և հիմարություն»

-Դա թուրք պատգամավորի հիվանդ երևակայության արդյունքն է,- «7օր»-ին ասել է Հայաստանի հանրապետական խմբակցության քարտուղար, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության ղեկավար Ալաադին Բյույուքայանի խոսքերի։ Վերջինն ասել էր, թե ԵԱՀԿ ղեկավարությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները սկզբունքորեն դեմ չեն Մինսկի խմբին Թուրքիայի անդամակցությանը, և որ այդ հարցում Երևանի դիրքորոշման մեջ արդեն որոշակի մեղմացում է նկատվում։

-Ես այս հայտարարությունը կորակեմ որպես կարկառուն տգիտություն և հիմարություն, որովհետև Հայաստանի իշխանությունները չե՛ն կարող նման դիրքորոշում ունենալ։ Մեր իշխանությունների դիրքորոշումը շատ հստակ է. այս խնդրում մենք դեմ ենք Թուրքիայի միջնորդ լինելուն երկու պատճառով։ Առաջինը՝ Թուրքիան ի սկզբանե ղարաբաղաադրբեջանական հակամարտության ժամանակ ունեցել է կանխակալ մոտեցում, օգնել է Ադրբեջանին և ունի միակողմանի հստակ դիրքորոշում։ Եվ երկրորդ՝ կա և՛ Մայնդորֆյան հռչակագիր, և՛ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ու համանախագահ երկրների նախարարների հայտարարությունը,  որտեղ հստակ նշվում է, որ խնդիրը պետք է ունենա խաղաղ և քաղաքական լուծում Մինսկի խմբի համանախագահների շրջանակում։ Թող Թուրքիան իզուր նմանատիպ հույսեր չփայփայի,- ասել է Է. Շարմազանովը՝ հավելելով, որ ավելի լավ կլինի՝ Թուրքիան իր քիթը չմտցնի Հայաստանի գործերի մեջ, և աննպատակ հայտարարություններ չանի, քանի որ, այդպիսով, նախ անհարմար վիճակի մեջ է դնում իր պետությանն ու իր իշխանություններին, և հետո ՀՀ իշխանություննե՛րը թույլ չեն տա, որ ղարաբաղյան հակամարտության հարցում Թուրքիան դառնա միջնորդ։

Թուրք պատգամավորը նաև հայտարարել էր, թե Հայաստանը ոչ պաշտոնապես համաձայնել է գնալ հողային զիջումների, մնում է, որ նա պաշտոնապես ընդունի դա։

Այս հայտարարությանն էլ արձագանքելով ՝ ՀՀԿ մամլո խոսնակը նշել է, որ իրենց համար այն անընդունելի է, և թող թուրքերն իզուր հույսեր չփայփայեն, որ ԼՂ-ի հարցում Հայաստանի իշխանությունները կգնան միակողմանի որևէ զիջման.

-Մեր կարծիքը շատ հստակ է՝ գլխավոր խնդիրը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, և ԼՂ-ն չի՛ կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի այսօր։ ԼՂ-ն չի՛ լինելու Ադրբեջանի կազմում։ Թող իրենք դա մոռանան։ ԼՂ-ն փաստացի անկախ ժողովրդավարական երկիր է՝ ավելի ժողովրդավարական, քան նույն Ադրբեջանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը