Լրահոս

09.11.2009 15:15


Հայաստանը պատրաստ է ընդունել ձմեռային զբոսաշրջիկներին

Հայաստանը պատրաստ է ընդունել ձմեռային զբոսաշրջիկներին

-Արդեն ունենք ձևավորված ենթակառուցվածքներ, ինչն, իհարկե, չենք համարում վերջնական և ավարտուն. անելիքներ շատ ունենք Հայաստանում ձմեռային զբոսաշրջության զարգացման ուղղությամբ։ Ունենք երկու ձմեռային զբոսաշրջավայր՝ Ծաղկաձոր և Ջերմուկ։ Հայաստանի հյուսիսում՝ Գյումրիում, զարգանում է նաև դահուկային սպորտաձևով զբոսաշրջային ուղղությունը։ Մենք այժմ ավելի պատրաստ ենք ընդունելու ձմեռային զբոսաշրջիկներին, քան նախորդ տարիներին,- խոսելով ձմեռային զբոսաշրջության սեզոնի բացման մասին՝ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասել է Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։

Նա նաև նշել է, որ ձմեռային սեզոնի ընդհանուր դինամիկան ցույց է տալիս, որ տարեցտարի այն ավելանում է։ Հունվար-սեպտեմբեր ամիսներին զբոսաշրջային այցելությունների անկում տեղի չի ունեցել։ Հայաստանում դեռևս աճ է նկատվում։

2009թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 42.2807 զբոսաշրջիկ, ինչը 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 5,8%-ով։ Նա նաև նշել է, որ, այնուամենայնիվ, աճի տեմպի նվազումն ակնհայտ է։ Նախորդ տարվա համեմատ 1-2%-ով աճել է նաև արտագնա զբոսաշրջությունը։ Ներգնա զբոսաշրջությունն աճել է 0,12%-ով։

-Բացարձակ թվով շատ մեծ թվեր չեն, և եթե ամբողջ աշխարհում թվերը շատ մեծ են, և անկումն ու ճգնաժամի ազդեցությունն ավելի մեծ է արտահայտվում, Հայաստանում այդ 1-2%-ը կարելի է համարել նույն մակարդակի պահպանում, այլ ոչ թե աճ։

Մեխակ Ապրեսյանը տեղեկացրել է նաև, որ վիճակագրական հետազոտության տվյալներով՝ մեծ մասամբ զբոսաշրջիկները Հայաստան են այցելում Ռուսաստանից, Վրաստանից, ԱՊՀ երկրներից, ԵՄ-ից, Իրանից, ԱՄՆ-ից և այլ երկրներից։ Նրա խոսքերով՝ միտում է նկատվում, որ Հայաստան զբոսաշրջային այցելությունների աշխարհագրությունն ընդլայնվում է։ Արդեն երկու տարի է, Հայաստան են ժամանում նաև Թուրքիայից, սակայն Հայաստանից Թուրքիա այցելությունները գերակշռում են։

Հայաստան ընդհանուր զբոսաշրջային այցելությունների մեջ 60-62%-ը կազմում են սփյուռքահայերը, սակայն նաև «ոչ հայերի» հետաքրքրության ավելանալու միտում կա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը