Լրահոս

09.11.2009 14:34


Արամ Հարությունյան. «Լևոն Տեր–Պետրոսյանի մոտ անձնական նկատառումներն ավելի են գերակշռում»

Արամ Հարությունյան. «Լևոն Տեր–Պետրոսյանի մոտ անձնական նկատառումներն ավելի են գերակշռում»

Ազգային համաձայնություն կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը ցավալի է համարում, որ Հայաստանի քաղաքական ուժերի մեծամասնության գործունեությունը կախված է այլ պետությունների, այդ թվում նաև Թուրքիայի որոշումներից։

-Մեր խնդիրները պետք է կարողանանք մե՛նք լուծել, և որքան հնարավոր է, պետք է միասնական լիենենք,- «7օր»-ին ասել է Ա. Հարությունյանը՝ ավելացնելով, որ քաղաքական ուժերը պետք է կարողանան հստակ ձևակերպել այն խնդիրները, որոնք ի վիճակի են լուծել։

-«Արդարություն դաշինքը» ժամանակին ինչո՞ւ քանդվեց, որովհետև չձևակերպեց այն խնդիրը, որը կարող էր լուծել։ Նորից պահանջելով վստահության հանրաքվե կամ նախագահի հրաժարական՝ իրենք, մի քանի տարի հետո պառակտվելով և մասնակցելով ընտրություններին, չհաղթահարեցին 5%-ը։ Այդ իմաստով, իրո՛ք, չպետք է մեր քաղաքական օրակարգերը հիմնականում կախված լինեն դրսի ուժերի կամ այլ պետությունների հետ հարաբերություններից,- նշել է ԱՀԿ նախագահը,- մենք պետք է կարողանանք մեր ներքին խնդիրներն ինքներս լուծել։ Չսպասենք, որ Պրեսկոտ պետք է գա, Սեմնեբի պետք է գա՝ ինչ-որ բան ասի։

Ա. Հարությունյանը խնդիրը ձևակերպել չկարողացած քաղաքական ուժերից է համարում նաև «Հայ ազգային կոնգրեսին», որը, նրա խոսքերով, այսօր գտնվում է պասիվ վիճակում։ 

-Մի քանի տարի պահանջել նախագահի հրաժարական՝ լավ համոզված լինելով, որ դա տվյալ պահին լուծելու խնդիր չի, բնականաբար, կորցնում ես։ Հետո այսօր անցել են այն ժամանակները, երբ լավ հայհոյելու համար հաջորդ պառլամենտ կմտնես, որովհետև հայհոյողներն ավելի շատ են։

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա Ա. Հարությունյանն ասել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանն այդ հարցում ազնիվ չէ.

-Համոզված եմ, որ որպես հասուն քաղաքական գործիչ՝ ինքը պետք է որ ողջուներ այդ մոտեցումը, բայց  նրա մոտ անձնական նկատառումներն ավելի են գերակշռում, և նա չի կարողանում անկեղծ կարծիք հայտնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը