Աշխարհ

18.06.2015 10:34


Աթենքը կարող է լքել եվրագոտին և ԵՄ–ն (տեսանյութ)

Աթենքը կարող է լքել եվրագոտին և ԵՄ–ն (տեսանյութ)

Հունաստանի բանկը հայտարարել է երկրի տնտեսության աղետալի դրության և եվրագոտուց ու ԵՄ–ից հնարավոր հեռացման մասին։

Այսօր՝ հունիսի 18–ին, Եվրախմբի արտակարգ նիստ է գումարվելու՝ գտնելու Հունաստանի և վարկատուների բանակցությունների փակուղուց հնարավոր ելքը։ Սակայն Եվրախմբի ղեկավարը նախօրեին հայտարարել է, որ համաձայնության հասնել չի հաջողվի։

«Վեստի»–ի փոխանցմամբ՝ դա բնական է, քանի որ Աթենքից ավելի կոպիտ միջոցներ են պահանջում, որոնք էլ կոլապսի կհասցնեն երկրի սոցպաշտպանության համակարգը։

«Վե՛րջ կոշտ տնտեսությանը։ Մեր ձեռքն ենք վերցնում բանակցությունները»,–նման կարգախոսներ են հնչում Աթենքի Սինթագմա հրապարակում։ Գոտիներն ավելի պինդ ձգել հույներն այլևս չեն ցանկանում։

Կողմերը երկխոսությունից արդեն անցել են փոխադարձ մեղադրանքների։

«Առավոտյան ծախսերի նոր կրճատում, երեկոյան՝ ֆինանսական օգնություն»,–հայտարարում է Բրյուսելը։

«Եվրահանձնաժողովը պնդում է շարունակել թոշակների կրճատումը և էլէներգիայի ԱԱՀ–ի կտրուկ բարձրացումը։ Այս ամենն ուժգին հարված է հույներին, որոնց մեծ մասն առանց այդ էլ ծայրահեղ դրության մեջ է։ Այդ պայմաններն անընդունելի են»,–հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը։

«Պետք չէ մոլորեցնել հույներին։ Նման կոշտ միջոցների մասին խոսակցություն չի եղել»,–իր հերթին ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան–Կլոդ Յունկերը։

Յուղը կրակին է լցրել Հունաստանի ֆինանսների նախարար Վարուֆակիսը՝ հայտարարելով, որ Եվրահանձնաժողովի ղեկավարը կա՛մ չի կարդացել Հունաստանի վարչապետին տված փաստաթղթերը, կա՛մ կարդացել է ու իսկույն մոռացել։

Արդեն իսկ պարզ է, որ զիջումների գնալ կողմերը մտադիր չեն։

Հունաստանը վարկատուներին 240 մլրդ եվրո է պարտք։ Այդ գումարներն ուղղվել են 2010 և 2012 թթ. երկիրը դեֆոլտից փրկելուն։ Հունական կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է վերադարձնել պարտքերը, եթե բոլորին գոհացնող համաձայնություն ընդունվի։

«Եթե մեզ արդարացի փոխզիջում չտրամադրեն, մենք «ոչ» կասենք համաձայնությանը»,–ասել է Ցիպրասը։

Սակայն փոխզիջման ժամանակ գրեթե չի մնացել։ Ամսվա վերջին Հունաստանն Արժույթի միջազգային հիմնադրամին 1,5 մլրդ եվրո պետք է վճարի։ Նման գումար երկիրը չունի, ինչը նշանակում է, որ նոր վարկ է անհրաժեշտ պարտքերը փակելու համար։

Կգտնվի՞ արդյոք ելք այդ փակուղուց՝ պարզ կդառնա Եվրախմբի այսօրվա նիստից։ Բանակցությունների տապալումը կնշանակի, որ աղետալի ցնցումներից Հունաստանն ու ողջ եվրագոտին փրկվելու հնարավորություն այլևս չունեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը