Լրահոս

07.11.2009 16:53


Աշոտ Բլեյանը և Պետրոս Ղազարյանը 5–րդ շարասյու՞ն

Աշոտ Բլեյանը և Պետրոս Ղազարյանը 5–րդ շարասյու՞ն

Պատմաբան Գևորգ Յազըճյանի խոսքերով՝ այսօր Հայաստանում թշնամու կերպարը լղոզվում է, նույնիսկ թուրքն է արդեն համարվում եղբայր, իսկ ադրբեջանցու հետ կարելի է քեֆ անել: Իսկ հայի զգոնությունն այդպես բթանում է.

-Եթե Արցախը կորավ, նշանակում է՝ ՀՀ-ն կորած է։ Դժբախտաբար, սա միանշանակ չի ընկալվում, և մեզանում քարոզիչներ կան՝ Աշոտ Բլեյանի գլխավորությամբ, որոնք հակառակ քարոզչությունն են իրականացնում։ Նաև ուրիշ քարոզչություն էլ կա, որի ղեկավարը կարելի է համարել «Կենտրոն» հեռուստատեսության Պետրոս Ղազարյանին։ Նա բացահայտ հակաբանակային քարոզչություն է անում (իբր հակապատերազմական, բայց իրականում հակաբանակային)։ Եվ տարօրինակ է, որ ոչ ոք նրան քրեական պատասխանատվության չի կանչում։ Բանակի դեմ քարոզչություն անելը պետության հիմքերը քայքայել է նշանակում,- «Արմատ» մամուլի ակումբում ասել է Գ. Յազըճյանը՝ ավելացնելով, որ հայի անվան տակ գործող 5-րդ շարասյան մունետիկների միջոցով ոգեզրկում են հասարակությունն ու բանակը։

-Շահան Շահնուրն է շատ լավ ասել. «Երբ սկսեցիր դու՝ հա՛յ լակոտ, հանգիստ կյանքով ապրել, դառնում ես անասուն»։ Մեր հասարակության դիմադրողականությունը, իմունիտետը կորած է. մենք տառապում ենք հայկական սպիդով, ներարկում են այդ սպիդի վիրուսները։

Նույն ակումբում հյուրընկալված ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանն էլ նշել է, որ հայերի այսպիսի պահվածքը պայմանավորված է թերարժեքությամբ և զոհի բարդույթով, ինչի պատճառը հարյուրավոր տարիներ պետականություն չունենալն է։ Հայոց ցեղասպանությունն էլ այդ զոհի բարդույթն է՛լ ավելի է խորացրել, որից հայ ժողովուրդը դեռ չի ձերբազատվել։

Հոգեբանը համոզված է, որ փոխարենը պետք է վտանգը սթափ ընկալել, և, օրինակ, այն հարևանին, որի նախագահը հայտարարում է, թե Զանգեզուրը պատմական ադրբեջանական տարածք է, և Նախիջևանը բաժանում է մայր Ադրբեջանից, պետք է ընկալել որպես թշնամի պետություն։

-Երբեք չի կարելի իրականության վրա աչք փակել։ Խնդրե՛մ, պատրաստ լինենք հարաբերվել թշնամու հետ, ընդունենք, հանդուրժենք թշնամու ապրելու, պետություն, մշակույթ ունենալու իրավունքը, բայց ո՛չ մեր հայրենիքի հաշվին, և ամենակարևորը՝ պատրաստ լինենք պաշտպանվելու թշնամուց,- նշել է Դ. Ջամալյանը,-«թշնամի» բառն այդքան էլ վատ բառ չէ, քանի որ չի բթացնում մեր զգոնությունը, այլ թույլ է տալիս սթափ մնալ։ Հայությունը միշտ մեծ կորուստներ է ունեցել այն ժամանակ, երբ թուրքին դադարել է իբրև թուրք ընկալել, իսկ հանկարծակիի գալով,  չկարողանալով մոբիլիզացվել՝ մեր նախնիները կորուստներ են ունեցել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը