Մեկնաբանություն

15.06.2015 22:00


2017-ին ընտրակաշառքն ավելանալու է 5 դրամով

2017-ին ընտրակաշառքն ավելանալու է 5 դրամով

Հունիսի 12-ին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հիմնական զեկուցող, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանն հայտարարեց, թե մեկ տարի հետո հնարավոր է 5 դրամով նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը:

Նրա այս հայտարարությունը կարծես թե անհրաժեշտ ուշադրության չարժանացավ կամ լսարանի կողմից լուրջ չընդունվեց: Եվ իզուր:

Մեկ տարի հետո սկսվում է Ազգային ժողովի հերթական ընտրությունների նախընտրական շրջանը (թեկուզ ոչ պաշտոնապես, բայց 2017-ն ավելի մոտ է լինելու), ինչպես նաև մեկնարկելու է սահմանադրական փոփոխությունների բուռն շրջանը: Եվ միանգամայն հավանական է համարվում այն, որ իշխանությունը կդիմի նման քայլի՝ 5 դրամով կէժանացնի էլէներգիայի սակագինը:

Նազարյանը հենց այնպես՝ օդից նման կանխատեսում չէր անի, մանավանդ որ նրա գլխավորած հանձնաժողովի անկախ լինելու հանգամանքը սարկազմի ժանրից է:

Ուրեմն, իշխանությունը մեկ տարի հետո պատրաստվում է «գթասրտություն» դրսեւորել՝ ԱԺ ընտրություններին ընդառաջ՝ «մտահոգվելով» անվճարունակ ժողովրդի մասին:

Ինչպես հիմա է արդեն նկատվում նման «մտահոգություն», երբ իշխանական հեռուստաալիքներից մեկով մեկնարկել է «բարեգործական հեռուստամարաթոն» համարվող ծրագիրը, ինչը եւս միտված է 2017-ին իշխանության վերարտադրությունն ապահովելու «ազգանվեր» գործին:

Հիմիկվանից մեր թշվառ հայրենակիցներին եթերում մի լավ լացացնում ու նվաստացնում են, որպեսզի վերջիններիս սոցիալական խնդիրների լուծման համար ինչ-որ գումար տրամադրեն: Այս հաղորդումը ձգվելու է մինչեւ 2017 թվականը՝ «Ապահով Հայաստանի» թշվառներին բայրացակամորեն տրամադրելով իշխանությունների հանդեպ:

Ինչ վերաբերում է նազարյանական «գուշակությանը», ապա ընտրակաշառք վերցնող քաղաքացիների անփոփոխ զանգվածն այսօրվանից կարող է հանգիստ լինել, քանի որ 2017-ի նախընտրական փուլում եւ հե՛նց ընտրությունների օրը 5 հազար դրամ ընտրակաշառքը ավելանալու է 5 դրամով, եւ դառնալու է 5005 դրամ:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը