Լրահոս

06.11.2009 16:22


Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Վրաստանի նորանշանակ դեսպանը

Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Վրաստանի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Գրիգոլ Տաբատաձեն:

Շնորհավորելով դիվանագետին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ' Նախագահ Սարգսյանն ասել է. «Մենք անցել ենք շատ երկար պատմական ճանապարհ, և մեր նախկին հարաբերությունները մեզ պարտավորեցնում են ավելի ամուր բարեկամանալ ու ավելի սերտ համագործակցել: Մեր հարաբերությունների այսօրվա մակարդակը, իհարկե, շատ բարձր է, բայց դրանք մշտապես ուշադրության և կատարելագործման կարիք ունեն: Այդ իսկ պատճառով մեր պետությունների դեսպանները պետք է շատ ինտեսնիվորեն աշխատեն: Կարծում եմ, մենք մեր հնարավորությունների ողջ ներուժը չենք օգտագործել, և կարող ենք բացել փոխգործակցության նոր հեռանկարներ»:

Դեսպան Տաբատաձեի խոսքով՝ Նախագահ Սաակաշվիլին ևս մեծ կարևորություն է տալիս բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը և գտնում է, որ բարեկամությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն: Նա միաժամանակ ասել է, որ իր երկրի քաղաքական ղեկավարությունը բարձր է գնահատում Հայաստանի Նախագահի տեսլականը՝ համարելով, որ նա այն քաղաքական գործիչն է, ով նայում է ապագային՝ չմոռանալով անցյալը:

Հանրապետության նախագահը և դեսպանը համակարծիք են եղել, որ երկու երկրների միջև չկան այնպիսի խնդիրներ, որոնք հնարավոր չլինի լուծել համատեղ քննարկումների ու երկխոսության միջոցով:

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի և Վրաստանի միջև օրակարգային հարցերին և համատեղ միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը:

Ս. Սարգսյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դիվանագետն իր կարևոր ներդրումը կունենա տարբեր ոլորտներում երկկողմ կապերի խորացման գործում և ասել, որ գործունեության ընթացքում նա ամենայն աջակցություն կստանա պետական մարմինների կողմից: Դեսպան Տաբատաձեն իր հերթին նշել է, որ տրամադրված է ակտիվ աշխատանքի:

 

Այս խորագրի վերջին նյութերը