Լրահոս

06.11.2009 15:56


Էդուարդ Շարմազանով. «Դավութօղլուն հո իրանց Ստամբուլի ժէկի պե՞տը չի....»

Էդուարդ Շարմազանով. «Դավութօղլուն հո իրանց Ստամբուլի ժէկի պե՞տը չի....»

ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը պետք է իրականցվի խելամիտ ժամկետներում։

-Մեջլիսը վավերացնի, մենք էլ կվավերացնենք։ Դա ոչ թե պայման է, այլ տրամաբանական քայլ։ Անկարան է փակել սահմանը, և նա է միշտ նախապայմանների լեզվով խոսել։ Իհարկե, մենք ավելի բարոյական հիմք ունենք նախապայմաններ դնել և ասել, որ Ցեղասպանությունը ճանաչեն,-ասել է նա։

Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ դեկտեմբերի 7-ին լրանում է հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի վերջնական եզրակացություն ներկայացնելու վերջնաժամկետը։

-Կարծիքը դրական է լինելու։ Դեկտեմբերի 7-ին տեղի կունենա Էրդողանի այցը Վաշինգտոն, որտեղ նա կհանդիպի Օբամայի հետ։ Կարծում եմ՝ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի վերջնական եզրակացությունը դրական  է լինելու. եթե դրական եզրակացություն չտան, ապա նրան Վաշինգտոնում ոչ միայն գրկաբաց չեն ընդունի, այլ ընդհանրապես չեն ընդունի, որովհետև բոլորիս էլ հայտնի է պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումը, որը բազմաթիվ անգամներ է հորդորել Թուրքիային այս խնդրում նախապայմաններ չդնել,-ասել է նա։

Նրա խոսքերով՝ Հայաստանը որևէ միակողմանի պարտավորություն չի ստանձնելու հայ-թուրքական հարաբերություններում։

-Եթե Թուրքիան չի վավերացնում, ուրեմն մենք էլ չենք վավերացնում, պրոցեսը վերջանում  է։ Կարող է՝ գնանք,  թուրքերին ասենք՝ խնդրում ենք, վավերացրե՞ք։ Ո՛չ։  Եթե Թուրքիան ստորագրել է, ուրեմն պետք է վավերացնի։ Դավութօղլուն հո իրենց Ստամբուլի ժէկի պե՞տը չի։ Դավութօղլուն ներկայացնում է Թուրքիայի պետական քաղաքականությունը, ինչպես արտաքին հարաբերություններում մեր կարծիքն է ներկայացնում Էդվարդ Նալբանդյանը։ Եթե չպիտի վավերացնեին, ինչո՞ւ էին ստորագրում,-ասել է ՀՀԿ խմբակցության քարտուղարը։

 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը