Լրահոս

06.11.2009 10:28


ՀԱԿ հայտարարություն

Հոկտեմբերի 22-ին Ազգային Ժողովում տեղի ունեցած  □Հեռուստառադիո-հեռարձակման թվայնացման գործընթացը եւ դրա ներդրման հետեւանքները Հայաստանում□ թեմայով լսումները կրկին ապացուցեցին, որ Հայաստանում պետական մակարդակով ջանքեր են գործադրվում ոտնահարելու ազատ խոսքը:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում 2008 թ. սեպտեմբերի 10-ին ՀՀ ԱԺ-ում օրենքով կատարված փոփոխություններով՝ Հայաստանում արգելվեցին հեռարձակման արտոնագրման մրցույթները մինչեւ 2010թ. հուլիսի 20-ը: Այդ նախաձեռնությունը ՀՀ Կառավարությունը հիմնավորել էր Հայաստանում հեռարձակման թվայնացման գործընթացի ներդրումով: Այդ օրենսդրական փոփոխությունից հետո՝ Հայաստանում մի շարք հեռուստաընկերություններ եւ ռադիոընկերություններ, որոնց արտոնագրի գործողության ժամկետն արդեն լրանում էր՝ առանց մրցույթի, միայն Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից արտոնագրի ժամկետի երկարաձգմամբ՝ շարունակեցին հեռարձակումն այն պայմաններում, երբ «Ա1+» հեռուստաընկերությունը եթերազրկվեց արտոնագրի կորստից ժամեր անց:

Ի հեճուկս հասարակության եւ միջազգային կազմակերպությունների քննադատությանը, նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2008 թվականի վճռի, որով հաստատվեց, որ խախտվել է «Ա1+» տեղեկատվություն տարածելու իրավունքը, ինչպես նաեւ այն, որ յոթ կապուղիներով մրցույթների արդյունքները ապօրինի էին՝ կառավարությունը չձեռնարկեց միջոցներ վերացնելու իրավունքի այս հաստատված խախտման հետեւանքները՝ տրամադրելու «Ա1+-ին» կապուղի, ապահովելու ազատ կապուղիներում մրցույթի անցկացումը, կամ առնվազն չնախաձեռնեց հաճախականությունների տիրույթի աուդիտ միջազգային մասնագետների կողմից: 2008 թվականի սեպտեմբերին այդ օրենքի ընդունումից շուրջ 14 ամսվա ընթացքում չի ընդունվել նաեւ հեռարձակման թվայնացման հայեցակարգը:

Խորհրդարանական լսումները բացահայտեցին, որ Երեւանում կան չօգտագործված, չհատկացված կապուղիներ, ինչը տարիներ շարունակ թաքցվում էր ՀՀ կառավարության կողմից: Կառավարության ներկայացուցչներն էլ, փաստորեն, չհերքեցին ՀՀ ԱԺ լրումներին ԵԽ փորձագետի կողմից հայտնած այդ տեղեկությունը:

Համարելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում անցած տարվա սեպտեմբերին արված փոփոխությունները միջոց, որով ըստ էության արգելվեց իշխանությունների վերահսկողությունից դուրս գտնվող հեռուստաընկերության հնարավորությունը՝ մրցույթի մասնակցելու միջոցով եթեր վերադառնալու, Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է իշխանությունների շարունակական գործունեությունը' ազատ խոսքի, ազատ մամուլի ճնշման ուղղությամբ: Այն պայմաններում, երբ ՀՀ կառավարության որոշմամբ 5 հեռուստակապուղի առանց մրցույթի, եւ ոտնահարելով միջազգային հարաբերություններում ընդունված փոխադարձության սկզբունքը, տրվել է օտարերկրյա հեռուստաընկերություններին՝ տեղական ընկերությունները տարիներ շարունակ զրկված են մրցույթի մասնակցելու, հեռուստա եւ ռադիոեթերով տեղեկություն տարածելու հնարավորությունից:

ՀԱԿ-ը պահանջում է, որ վերականգնվի հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտում մրցակցությունն ու մամուլի ազատությունը' շուկայական հարաբերությունների եւ խոսքի ազատության սկզբունքների համաձայն, ինչպես երաշխավորվում է Հայաստանի միջազգայնորեն ստանձնած պարտավորություններով: Որպես առաջին քայլ անհրաժեշտ է շտապ անցկացնել հեռուստա եւ ռադիո հաճախականությունների տիրույթի միջազգային աուդիտ, որի արդյունքներով ազատ կամ արտոնագրի ժամկետը լրացած հաճախականություններում անցկացնել մրցույթներ:

Հայ Ազգային Կոնգրես

Այս խորագրի վերջին նյութերը