Լրահոս

06.11.2009 09:38


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը գոհ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը գոհ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից

Նոյեմբերի 5-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ռոբերտ Սիմոնսին (Robert Simmons):

Ողջունելով հյուրին' նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է ՆԱՏՕ-ի հետ ձեւավորված փոխշահավետ համագործակցությունը եւ մտադիր է ամրապնդել այն' հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրագործմանը:

Էդվարդ Նալբանդյանը շեշտեց նաեւ, որ Հայաստանը շարունակելու է համագործակցությունը ՆԱՏՕ-ի Եվրատլանտյան համագործակցության խորհրդի շրջանակներում, ինչպես նաեւ' խաղաղապահության, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, տարերային աղետների հետեւանքների վերացման եւ այլ ուղղություններով:

Իր հերթին Ռոբերտ Սիմոնսը, կարեւորելով Հայաստանի հետ համագործակցության զարգացումը, ասաց, որ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը բարձր է գնահատում Հայաստանի հետ գործընկերությունը եւ հույս հայտնեց, որ 2009-2010թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը նույնպես հաջողությամբ կիրականացվի: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը կարեւորեց Հայաստանի ներդրումը միջազգային խաղաղապահ գործունեության մեջ:

Տարածաշրջանային հարցերի քննարկման ենթատեքստում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը գոհունակություն հայտնեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված առաջընթացի կապակցությամբ' ընդգծելով, որ ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բնականոն հարաբերությունների հաստատմանն ուղղված քայլերը:

Այս խորագրի վերջին նյութերը