Մեկնաբանություն

08.06.2015 17:15


Ինչն է աճում, և ինչը՝ նվազում Հայաստանում

Ինչն է աճում, և ինչը՝ նվազում Հայաստանում

Հայաստանի տնտեսության խնդիրներն ի վիճակի չէ թաքցնել անգամ Ազգային վիճակագրական ծառայությունը։

Թեև առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 3,2–տոկոսանոց անվանական աճ (սպառողական գների ինդեքսի 4,8–տոկոսանոց աճի պարագայում փաստացի գործ ունենք տնտեսական անկման հետ), միևնույն է, արտագաղթի ցուցանիշները և փակվող ու վարձով տրվող օբյեկտների երկրաչափական պրոգրեսիայով աճն ամենևին էլ տոկոսային վերելքի մասին չեն խոսում։

Եթե աճ լիներ, ապա արտաքին առևտրաշրջանառությունը չէր նվազի 35,7 տոկոսով, արտահանումը չէր կրճատվի 8 տոկոսով, ներդրումները չէին պակասի, պետական պարտքը չէր հասնի 5 միլիարդ դոլարի...

Ուշագրավ մի օրինաչափություն է աչք ծակում։

Որքան անկում է արձանագրվում տնտեսության մեջ, այնքան բարձրաստիճան պաշտոնյաներն ավելի շատ են մասնակցում եկեղեցիների բացմանը։

Արհեստական մենաշնորհների պատճառով որքան թուլանում է տնտեսությունը, այնքան ավելի շատ տարածքներ են Երևանում օկուպացիայի ենթարկվում կարմիր կետագծերի օգնությամբ, և այնքան շատ տեսախցիկներ ու արագաչափեր են տեղադրվում Հայաստանով մեկ, ինչն ակնառու ձևով ցույց է տալիս, թե որ բիզնեսն է ծաղկում մեզ մոտ։

Նախագահական նստավայրում, սակայն, չեն մտահոգվում, քանզի տնտեսական անկմանը զուգընթաց՝ իրենց անձնական եկամուտներն աճում են։ Այսինքն, կա հակադարձ համեմատական կապ մեր երկրի վիճակի ու ղեկավարության (այդ թվում՝ նրանց ընտանիքի անդամների) ֆինանսական վիճակի միջև։

Վերջին գործարքը, որը հաջողացրեցին, Որոտանի կասկադի գույքի վաճառքն էր։ Այդ գործարքից տուժելու է պետությունը, շահելու են մի քանի հոգի։ Հատկապես որ էլեկտրաէներգիայի սակագինն էլ իշխանությունների «դաբրոյով» ավելանալու է։

Այս ամենը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ դրական փոփոխությունների գնալու ունակ ուժ չի ձևավորվել։

Քաղաքական ու տնտեսական մենաշնորհը վերացնելն ազգային անվտանգության հարց է։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը