Լրահոս

05.11.2009 15:59


Բարև։ Orange-ն արդեն Հայաստանում է

Բարև։ Orange-ն արդեն Հայաստանում է

Եվրոպայում երրորդ բջջային օպերատորը՝ France Telecom ընկերության ապրանքանիշը հանդիսացող «Օրանժ Արմենիան» այսօրվանից սկսում է իր ծառայությունների մատուցումը։ Այսպիսով, Հայաստանը դարձավ 31-րդ երկիրը, որտեղ Orange-ը գործունեություն է ծավալում։ Այսուհետ Հայաստանի սպառողները կարող են օգտվել 3G+ ցանցի բջջային կապի և գերհզոր ինտերնետի ծառայություններից:

-Մեր մուտքը Հայաստան հատուկ նշանակություն ունի, քանի որ Հայաստանին ու Ֆրանսիային յուրահատուկ հարաբերություններ են միավորում,- մեր երկրում Orange-ի մեկնարկի կապակցությամբ հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ընկերության նախագահ Դիդիե Լոմբարը՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով Հայաստանի իշխանություններին աջակցության համար։

Փոխնախագահ Օլաֆ Սուանտիի խոսքերով էլ՝ իրենք ցանկանում են, որ Orange-ը դառնա ամենասիրելի և թիվ մեկ բրենդը Հայաստանում։ Orange-ը մեր երկիր է եկել մի շարք նորամուծություններով, և առհասարակ «Օրանժ Արմենիայի» գլխավոր տնօրենը նշել է, որ մատուցելու են բոլորի համար մատչելի նորարարական ծառայություններ, որոնք նաև պարզ են ու հարմար։

2009թ. նոյեմբեր ամսվա տվյալներով՝ Orange-ն արդեն 90 մլն դոլարի ներդրումներ է կատարել Հայաստանում, և առաջիկա 2 տարիներին ներդրումները կշարունակվեն։ Ստեղծել է 300 աշխատատեղ։ Այս շաբաթվանից սկսած՝ գործելու են ընկերության 13 սպասարկման կետեր, ինչպես նաև բազմաթիվ վճարման կետեր, որոնց թիվն ընկերությունը նպատակ ունի հասցնել 3000-ի: Մեկնարկի պահին արդեն Orange-ը ծածկույթ է ապահովում Հայաստանի բնակչության 83%-ի համար։

Orange-ի առաջին բաժանորդներին անակնկալներ են սպասվում։ Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը տեղեկացրել է, որ նոյեմբերի 1-ից 31-ն ամեն օր առաջին զանգի առաջին րոպեն, նույնիսկ արտերկիր կատարած զանգի, կլինի անվճար։ Orange-ի ցանցի ներսում կատարած զանգերի պարագայում էլ բաժանորդները, որպես նվեր, կստանան նաև 300 անվճար րոպե։ Իսկ 12 ամսով Orange ինտերնետին բաժանորդագրվելու դեպքում «Ինտերնետ հիմա» սարքը հնարավոր է ձեռք բերել ընդամենը 1 դրամով։ Ծրագրվում է, որ բջջային հեռախոսի միջոցով հաճախորդները կունենան անձնական ինտերնետ, ինտերնետ ծառայությունները կմատուցվեն 9000 և 16000 դրամ ամսական սակագնային փաթեթներով։ «Ռոումինգ» ծառայությունն էլ հասանելի կլինի շուրջ 130 երկրում, այդ թվում՝ Լեռնային ղարաբաղում։

Շուտով  Orange-ը հայաստանյան սպառողին կներկայացնի աշխարհահռչակ iPhone-ը, իսկ բաժանորդագրվելով «Ամեն ամիս» սակագնային պլանին՝ բաժանորդներն առավել էժան գներով կկարողանան ձեռք բերել հեռախոսներ:

Բջջային կապի մատուցված ծառայությունների սակագները կախված են սակագնային պլանից՝ մեկ րոպեն 5-40 դրամ է, sms-ի արժեքը՝ 5-15 դրամ։

Orange-ի փոխնախագահ Օլաֆ Սունատին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Հայաստանում իրենք պայծառ ապագայի ակնկալիքներ ունեն։ Orange-ում արդեն մոտ 70000 բաժանորդ է գրանցվել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը