Լրահոս

05.11.2009 16:13


Գագիկ Հարությունյան. «Բանակից խուսափողների թիվը նվազել է մոտ 50%–ով»

-Այս տարվա դրությամբ մենք ունենք 25% խուսափողներ։ Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, ապա կարող եմ ասել, որ մոտ 50%-ով նվազել է խուսափողների թիվը։ Դա նախ և առաջ պայմանավորված է նրանով, որ մենք ունենք կայուն բանակ, այսօր ՀՀ-ից դուրս եկողների քանակն է բավական նվազել, և չի կարելի համեմատվել նախորդ տարիների հետ,-խոսելով զինակոչից խուսափելու մասին՝ լրագրողներին ասել է ՀՀ պաշտպանության նախարարության հանրապետական զինկոմիսարիատի զորակոչի բաժնի պետ, գնդապետ Գագիկ Հարությունյանը։

Նա նշել է, որ ծառայությունից խուսափողներից 202-ը ներկայացել են, որոնցից 145-ը ՌԴ-ից է վերադարձել, իսկ 29-ը՝ արտասահմանյան երկրներից։

Այն հարցին, թե արդյոք խնդիրներ կա՞ն զինակոչի հետ կապված՝ բանակն ապահովվելու առումով՝ նա նշել է, որ,  բարեբախտաբար, ՀՀ բանակը քանակի խնդիր չունի։

-Անկախ նրանից, թե ծնելիությունը պակասել է, թե ոչ՝ պարտադիր զինվորական զորակոչին զուգահեռ կազմակերպվում է նաև  պայմանագրային ծառայութուն, և բավական մեծ քանակությամբ զինապարտներ, որոնք եղել են պարտադիր զինծառայությունում,  ընդգրկվում են ՀՀ բանակ։ Այնպես որ անհոգ եղեք. մեր սահմանները պաշտպանված են,-ասել է նա։

«7օր»-ի այն հարցին, թե այդ դեպքում ինչի՞ն է միտված դատախազության վերջին հայտարարությունն այն մասին, որ նրանք, ովքեր խուսափել են ծառայությունից, ինքնակամ ներկայանալու դեպքում պատասխանատվության չեն ենթարկվի, նա պատասխանել է հետևյալ կերպ։

-Դա միտում ունի, որ մեր երիտասարդները, որոնք ՀՀ-ից դուրս են եկել, վերադառնան։ Եթե անգամ գործ է հարուցված, եթե ինքնակամ ներկայանան և ծառայելու ցանկություն հայտնեն, դատական ոչ մի գործողություն տեղի չի ունենա։ Ես  կոչ եմ անում երիտասարդներին վերադառնալ, և մենք մինչև անգամ կդիմավորենք նրանց օդանավակայանում, որ համոզվեք, որ դրական ենք տրամադրված,-ասել է Գագիկ Հարությունյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը