Լրահոս

04.11.2009 19:16


Տիգրան Քոչարյան. «Սերժ Սարգսյանը տարածք հանձնելու մասին ակնհայտ չի ասում, բայց նրա կուսակցության անդամ պատգամավորներն արդեն Աղդամն ու Հորադիզն են հանձնում»

Տիգրան Քոչարյան. «Սերժ Սարգսյանը տարածք հանձնելու մասին ակնհայտ չի ասում, բայց նրա կուսակցության անդամ պատգամավորներն արդեն Աղդամն ու Հորադիզն են հանձնում»

-Ռուսաստանի արձագանքները եղել են այնպես, որ Ջեմալն այնպիսի տականք է, որ նման հայատյաց մարդը լուրջ չպետք է ընկալվի։ Ցավոք, նոյեմբերի 2-ին «International Alert» կազմակերպությունը մի հանդիպում էր կազմակերպել, որին Հայաստանի կողմից ներկա են եղել Ալեքսանդր Իսկանդարյանը, Կարեն Բեքարյանը, Արտակ Կիրակոսյանը ինչպես նաև ներկայացուցիչներ Արցախից։ Հանդիպմանը ներկա էր նաև Ջեմալը։ Փաստորեն մեր խումբն իջավ այն մակարդակի, որ նստել է մի մարդու հետ, ով Հայաստանը վերացնելու երազանքով է ապրում, հարցեր է քննարկել, այսպիսով կամա թե ակամա լեգիտիմիզացրել  նրան և իջել այդ հայատյացի մակարդակի,- «Արմատ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է բլոգեր Տիգրան Քոչարյանը։

Ինչպես լրագրողներին հայտնել է Տիգրան Քոչարյանը, տեղեկություն կա նաև, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչը փորձել է ներկայացնել իր տեսակետները, սակայն նրան թույլ չեն տվել ելույթ ունենալ մեկ րոպեից ավել, անելով ամեն ինչ, որ նա ընդհանրապես չմասնակցի այդ կլոր սեղանին, այնինչ Տ.Քոչարյանի խոսքերով, «մեր «հանդուրժող» զանգվածը նորից ընդունել է դա»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ, Ռուսաստանի քաղաքացի Հեյդար Ջեմալը հայտարարել էր, որ Հայաստանը որպես պետություն պետք է վերանա և դրանում է Արցախյան հիմնախնդրի լուծումը։

Անդրադառնալով Հայստանի ինֆորմացիոն դաշտին նա նշել է, որ այս մի քանի տարիների ընթացքում դաշտ է ներմուծվել հանդուրժողականության գաղափարը, որը հաճախ վերածվում է «անթասիբության»։

Նա նաև նշել է, որ Հայաստանյան ինֆորմացիոն դաշտում հիմա «բարդակ» է.

-Մի կողմից պայքարը գնում է, իսկ մյուս կողմից Հայաստանի ներկայացուցիչները գնում են այնտեղ և շատ ջերմ հանդիպում են այն մարդկանց հետ, որոնց դեմ պայքարը տարվում է։ Ինֆորմացիոն դաշտում հիմա «բարդակ» է, չգիտես պայքարես, չպայքարես, Ադրբեջանը մեր թշնամին է, մեր ընկերն է, Թուրքիան մեր թշնամին է, մեր ընկերն է... Խառը իրավիճակ է։ Հեղինե Բիշարյանը կարող է ասել, որ Էրդողանն ու Դավութօղլուն ընդհանրապես հայտարարություն չեն անում, նախագահ Սերժ Սարգսյանը տարածք հանձնելու մասին ակնհայտ չի ասում, բայց նրա կուսակցության անդամ պատգամավորներն արդեն Աղդամն ու Հորադիզն են հանձնում։ Չես հասկանում, հանձնում ենք, չենք հանձնում, պայքարում ենք, չենք պայքարում։ Այդ ամենը պետք է շտկվի, պետական քարոզչությունը պետք է իմանա ինչպես աշխատի, որ մարդիկ, ովքեր ներգրավված են Հայստանում տեղեկատվական անվտանգությունն ապահովելու գործում, հակաքարոզչություն իրականացնելու մեջ իմանան, թե ինչի համար են պայքարում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը