Մեկնաբանություն

02.06.2015 17:05


Տեսնես՝ ո՞վ է մեղավորը

Տեսնես՝ ո՞վ է մեղավորը

Ռոբերտ Նազարյանի «կանտոռայից» այսօր ձայներ են լսվել։ Հայտարարվել է, որ էլեկտրաէներգիայի սակագինը թանկանալու է։ Չեն ասել, թե ինչքանով է թանկանալու, բայց ասել են, որ այնպես կանեն, որ ո՛չ շիշը վառվի, ո՛չ քյաբաբը։ Սակայն շիշն ու քյաբաբը վաղուց են վառվել։

Հայաստանում աղքատների թիվն անցնում է մեկ միլիոնը։ Եվ նման պայմաններում հոսանքի գնի ավելացումը պարզապես տեռոր է։

Իշխանությունները սա հասկանում են, բայց փետրվարյան իրադարձություններից հետո իրենց ախորժակը բավարարելու խոչընդոտող ուժ չեն տեսնում, դրա համար էլ նախ հրատապ կարգով ավարտին հասցրին Որոտանի կասկադի սեփականաշնորհման գործը, հիմա էլ կոկորդիլոսի արցունքներն աչքերին՝ հետևում են սակագնի բարձրացման գործընթացին՝ զուգահեռաբար քսի տալով հաճախորդներին այլոց ուղղությամբ։

Բաղրամյան 26–ում որդեգրել են հետևյալ քաղաքականությունը՝ ձեռքերը շփել սակագնի թանկացումից սպասվող օգուտների կանխավայելման պահով ու միաժամանակ թանկացման համար «թունդ ընդդիմադիր» թերթերով և կայքերով այդ ամենի պատասխանատու հռչակել Ռոբերտ Քոչարյանին, Վլադիմիր Պուտինին, համակարգի կամակատար Շաբոյան Արտակի բաջանաղին, ՀԷՑ–ի ռուս կառավարիչներին, Ռոբերտ Նազարյանին։ Մի խոսքով, բոլորին՝ բացի Սերժ Սարգսյանից ու նրա մերձավոր շրջապատից։

Բայց դե, միայն անմեղսունակները չգիտեն, որ էլեկտրաէներգիայի սակագնի հարցը որոշվելու է Բաղրամյան 26–ում, և շատ կոնկրետ կաբինետում։ Թե՞ կարծում եք, որ Նազարյանի հանձնաժողովն անկախ է։

Գևորգ Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը