Հարցազրույց

04.11.2009 19:23


Լյուդմիլա Սարգսյան.

Լյուդմիլա Սարգսյան.

Հարցազրույց Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ

-Ի՞նչ է տեղի ունենում ՍԴՀԿ-ում։ Մասնավորապես «Ժառանգություն» կուսակցության նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանին Ձեր կուսակցություն ընդունելու, իսկ 7 օր հետո նրա կուսակցական անդամությունը դադարեցնելու հետ կապված վերջին օրերին տարաձայնություններ եղան։

-Ոչ մի բացառիկ բան տեղի չի ունենում։ Բացթողում էր տեղի ունեցել, մենք մեր կանոնադրության խախտում էինք թույլ տվել, որը փորձեցինք ուղղել։ Ընդամենը դա։ Մենք պետռեգիստրով գրանցված կուսակցություն ենք, անկախ ենք և, բնականաբար, մեր խնդիրները մենք ենք լուծում։

-Այսինքն, ՍԴՀԿ  հայաստանյան կառույցը Վարդան Խաչատրյանին կուսակցական անդամությունից զրկելու իրավասություն և լիազորություն ունի՞։

-Ոչ միայն ունի, այլ նաև պարտավոր է հետևել օրենքի տառին։ Հավատարիմ մնալով կուսակցությունների մասին օրենքին և մեր կանոնադրությանը՝ մենք բացթողումն ուղղում ենք, և որևիցե խնդիր չեմ տեսնում մեր կուսակցության հետ։ Մենք համահնչակյան ընտանիքի անդամ ենք, սակայն դա չի նշանակում, որ մեզ դրսից են ղեկավարում կամ ինչ-որ այդ կարգի մի բան։

-Այդ դեպքում ինչո՞վ կբացատրեք, որ ՍԴՀԿ մամուլի խոսնակ Նարեկ Գալստյանը մեզ ասել էր, որ Վ. Խաչատրյանի կուսակցական անդամությունը դադարեցնելու որոշումը պետք է կայացնի աշխարհի 22 երկրների տեղական համայնքների Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչությունը, որն, ամենայն հավանականությամբ, այդ վճիռը կբեկանի, և Վարդան Խաչատրյանը կմնա կուսակցության անդամ։

-Կուսակցության մամլո խոսնակը բացթողում է կատարել, որի համար մենք նրա հետ զրույց ենք ունեցել, և բացատրել, որ նա առանց մեզ հետ համաձայնեցնելու՝ որևիցե լուր հայտնելու իրավունք չունի։ Նա ներկայացնում է հայաստանյան կառույցը. մե՛ր մամլո խոսնակն է։

-Նման հայտարարությունը Ձեզ հետ համաձայնեցվա՞ծ չի եղել։

-Ո՛չ։

-Սակայն Նարեկ Գալստյանը մեզ ասաց, որ կատարում է ՍԴՀԿ ղեկավար մարմինների հրահանգները, և եթե իրեն հրահանգեն դառնալ բալետմեյստեր, ապա ինքը կդառնա՛ բալետմեյստեր։

-Նա պարզապես երիտասարդական դրսևորումներ է ցուցաբերել։ Մենք էլ երբեք նրան չենք հրահանգի դառնալ բալետմեյստեր։ Թող մնա Նարեկ Գալստյան։

-Հնարավո՞ր է, որ ՍԴՀԿ դրսի կառույցն էր Ն. Գալստյանին հրահանգել հայտարարել, որ Վարդան Խաչատրյանը շարունակում է մնալ ՍԴՀԿ անդամ։

-Չեմ կարծում, որ դուրսը հուշում է արել։

-Եթե սխալը Նարեկ Գալստյանից է եկել, հնարավո՞ր է, որ կասեցվի նրա անդամակցությունը ՍԴՀԿ-ին։

-Չեմ կարծում, որ մեկ սխալի համար կարելի է կասեցնել Նարեկ Գալստյանի կուսակցական անդամակցությունը։ Առ այսօր նա իրեն շատ ճիշտ է պահել կուսակցության նկատմամբ, իսկ հետագայում կտեսնենք։ Բայց այսօր Նարեկ Գալստյանին խիստ պատժելու որևիցե հիմք չկա։

-Այսօր կուսակցությունում որևէ տարաձայնություններ կա՞ն, թե՞ ամենը հարթվել է։

-Այդպիսի մեծ տարաձայնություն երբեք չի էլ եղել։ Դա մի ընտանիք է, որտեղ տարբեր կարգի պրոբլեմներ են առաջանում, որոնք վերացվում են։ Տարաձայնություններ են լինում ինչպես ամեն ընտանիքում, որոնք նույնպես հարթվում են։ ՍԴՀԿ-ում արտառոց ոչինչ տեղի չի ունենում։

-Ի վերջո, Վարդան Խաչատրյանը շարունակո՞ւմ է մնալ ՍԴՀԿ անդամ։

-Իհարկե ո՛չ։ Մենք մեր որոշումը չենք փոխել։ Այստեղ հարցը Վարդան Խաչատրյանը չէ։ Կարող էր մեկ ուրիշը լինել։

-Մամուլում տեղեկություններ կային, որ Վարդան Խաչատրյանը ՍԴՀԿ-ում ներդրվել է Ձեր կուսակցությունը «Հայ ազգային կոնգրեսից» անջատելու համար։ Որքանո՞վ է համապատասխանում իրականությանը։

-Ես որևիցե հիմք չունեմ այդպես մտածելու։ Ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում և չեմ կարող նման տեսակետ արտահայտել։ Այստեղ ոչ մի ուրիշ խնդիր չկար Վարդան Խաչատրյանի հետ։ Մենք նույնիսկ ասել ենք, որ ուղիղ մեկ տարի հետո նա կարող է դիմել ՍԴՀԿ-ին։ Նորից եմ կրկնում՝ ընդամենը բացթողում է տեղի ունեցել, որը նաև իր մեղքն էր, որովհետև ինքը կանոնադրությանը շատ լավ ծանոթ լինելով՝ պետք է հասկանար, որ ՍԴՀԿ-ին դիմելու իրավունք չունի։ Մենք ընդամենը փորձում ենք մեր համատեղ սխալն ուղղել։

-Լուրեր կան նաև, որ Ձեզ ցանկանում են հեռացնել ՍԴՀԿ ատենապետի պաշտոնից։

-Դրանք ևս ընդամենը լուրեր են։ Մեզանից ոչ մեկն այսօր ոչ մի բանից ապահովագրված չէ, բայց ՍԴՀԿ-ն հունվարի 9-ին կամ միգուցե մինչև 15-ը համագումար կունենա, որտեղ կուսակցականներն իրենց որոշումը կկայացնեն։ Ես այսօր նման տրամադրություններ չեմ տեսնում։ Կարծում եմ, որ ինչ-որ տեղ կգնահատվի նաև իմ ավանդը կուսակցության մեջ։ Կտեսնենք՝ ինչ կլինի։ Կընտրվի վարչություն, վարչությունը կընտրի ատենապետ։ Ես որևիցե մտավախություն չունեմ այդ առնչությամբ։

-ՍԴՀԿ դրսի և հայաստանյան կառույցների միջև հայ-թուրքական ու ԼՂ հակամարտության հարցերի վերաբերյալ տարաձայնություններ կա՞ն։

-Բացարձա՛կ։ Տեղի ունեցավ ՍԴՀԿ համահնչակյան համագումարը, ընդունվեցին բանաձևեր, որոնց մենք ճշտությամբ հետևելու ենք։

Զրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը