Մեկնաբանություն

31.05.2015 12:30


100–ամյակը ռեժիմի տակ և ռեժիմի հետ

100–ամյակը ռեժիմի տակ և ռեժիմի հետ

«Ծապլվարի ասպետի» կոչման թիվ մեկ հավակնորդ Ժիրայր Սեֆիլյանն, ինչպես հայտնի է, իր գաղափարակիցների հետ հայտարարել էր «100–ամյակն առանց ռեժիմի» կարգախոսը, և պատրաստվում էր փոթորիկ բարձրացնել ապրիլի 24ին։

Փոթորիկ եղավ, բայց մեկ սուրճի բաժակի չափ ջրում։ Սեֆիլյանն ու իր ոչ պակաս ազգային–ազատագրական թիմակիցները հայտնվեցին ռեժիմի տակ, իսկ հայ ժողովուրդը դեռ ռեժիմի հետ է։

Ռեժիմի տակից դուրս գալուց հետո Ժիրայրը հետին թվով խելացի է դարձել։

Երեկվա հանրահավաքում, ավելի ճիշտ՝ փոքրիկ հավաքույթում, որտեղ լրագրողները, օպերատորները, ոստիկանության աշխատակիցներն ու թամաշայի սիրահարները ավելի շատ էին, քան պայքարիստները, «Ծապլվարի ասպետի» պոտենցիալ կրողը մի քանի ուշագրավ բաներ է հայտարարել։

Պարզվում է՝ Սեֆիլյանը վերանայել է իր մոտեցումները։ Եթե նախկինում իրենք ասում էին, թե ամբողջ քաղաքական դաշտը մի կողմ, իսկ իրենք՝ մյուս կողմ, ապա հիմա նման բաներ չեն ասում։

Եթե նախկինում «հիմնադիր խորհրդարանականները» մերժում էին, իրենց իսկ գնահատմամբ, ռեժիմի թելադրած խաղի կանոններով խաղացող ուժերի հետ համագործակցությունը՝ նրանց համարելով ռեժիմի ծառաներ, ապա հիմա կողմ են համագործակցությանը, համատեղ պայքարին ու կոնսոլիդացիային։

Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում սրանք քարկոծում էին կոնսոլիդացիայի գաղափարը՝ սոսգիմիշյանների, նիկոլփաշինյանների, պետրոսմակեյանների, դավիթշահնազարյանների ու մյուսների հետ չիջնելով իշխանական լրատվամիջոցների՝ «1in.am»–ների էջերից։

Ժիրոյենց հիմնական գործը մինչև փետրվարյան հայտնի իրադարձությունները ԲՀԿ–ի ու այդ ուժի գործընկերների դեմ պայքարն էր։ Դրանով նրանք, կամա թե ակամա, ծառայում էին ռեժիմին։

Ճիշտ է, Ժիրոյենք ու մյուս «ազնիվ քյարփինջներն» ու «դհոլները», մեծ հաշվով, չկարողացան վնաս հասցնել համաժողովրդական շարժմանը, և միայն մարդկային սուբյեկտիվ գործոնի պատճառով Սարգսյանը շարունակում է մնալ Բաղրամյան 26–ում, բայց մթնոլորտը գաղջով լցնել ստացվել էր, ինչն էլ այն օրերին պետք էր ռեժիմին։

Անցնենք առաջ։

Փակ շուկան «Երևան Սիթիի» վերածած Սամվել Ալեքսանյանի դեմ հերոսական պայքար մղած և «իքս» պահից հետո տուն գնացած Ժիրոն ու իր փոքրաթիվ թիմակիցները «բուրժուազիա» բառից հոգեխանգարմունքի մեջ էին ընկնում։ Գործարարների և սեփականատերերի մասով նրանց համար գործածելի էր միայն «օլիգարխիա» բառը։

«Օլիգարխ» կոչվածների դեմ սրբազան պատերազմը Ժիրոյենց հիմնական նպատակն էր հռչակված։ «Անկախ» մամուլն էլ լայնորեն աջակցում էր գեղամյանաբարո այդ «պայքարին»։

Երեկվա հավաքույթը ցույց տվեց, որ այս մասով էլ է Ժիրոն խմբագրել ու սրբագրել սեփական մոտեցումները (100–ամյակը ռեժիմի տակ անցկացնելը դրականորեն ազդել է նրա մոտեցումների վրա)։ Ըստ նրա՝ որպեսզի ռեժիմը անցնցում հեռացվի՝ անհրաժեշտ է, որպեսզի բուրժուազիան միանա պայքարին։ Ահա այսպես։ Երբ նախկինում ուրիշներն էին հայտարարում բուրժուազիայի դերի մասին, ծախու և դավաճան էին հռչակվում, իսկ հիմա բուրժուազիայի կարիքը Ժիրոն է զգացել։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...

Սամվել Խաչագողյան

Հ.Գ.։ Սեֆիլյանն իր նախկին առաջնորդին մեղադրում էր փակ գործելու, ժողովրդին ծրագրերը բաց տեքստով չներկայացնելու և միանձնյա որոշումներ կայացնելու մեջ։ Երեկվա հավաքույթի ժամանակ, սակայն, նա արեց այն, ինչի համար մեղադրում էր ուրիշներին՝ հայտարարելով, թե չի հրապարակելու իրենց ծրագրերը, որպեսզի անակնկալի բերի հակառակորդին։

«Ծապլվարի ասպետի» կոչման անվիճալի հավակնորդը նաև կոչ արեց վստահել իրեն, քանզի ինքը գիտի, թե ինչ պետք է անել։ Գիտի, բայց չի ասում, ու երբ պահը գա, կասի։ Համարյա Նիկոլի պես, ով հայտարում է, որ երբ «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարի, որ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա, ապա այդ հայտարարությունից մեկ ամիս անց Սարգսյանը կհեռանա, բայց թե երբ կհայտարարեն, որ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա, չեն ասում։ Կամ, ավելի ճիշտ, ասում են՝ «Իշու զատկին»։

Մեզ մնում է արձանագրել, որ հաճախորդաց դասը փետրվարից հետո պղպջակի պես պայթում է։

Քաղաքական դաշտը, հետևաբար, սանիտարական հատումների կարիք ունի։

Հ.Գ.–2։ Սեֆիլյանը հայտարարում է, թե իրենք հասնելու են արտահերթ ընտրությունների։ Ասում են՝ սկզբում ռեժիմին կհեռացնենք, հետո կլինեն արտահերթ ընտրություններ։ Վատ բան չի ասում, իհարկե, բայց քանի որ ինքն է ասում, անմիջապես հիշում ես, որ մի ժամանակ Փաշինյանն էլ հայտարարում էր, թե մեկ միլիոն մարդ է հավաքելու հրապարակում, և մի քանի ժամ է տալու իշխանություններին։

Այժմ Ժիրոն մի քանի հոգանոց հավաք է անում, իսկ Նիկոլն էլ, լրագրողի հարցին ի պատասխան, հերոսաբար հայտարարում է, որ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանից նվիրատվություն չի ընդունի (խնդիրը տվյալ դեպքում այն չէ, թե արդյոք Նիկոլը կվերցնի՞ նվիրատվությունը, թե՞ ոչ, այլ խնդիրն այն է, որ նման հարցի հնչեցումը լրագրողի կողմից անբնական չի ընկալվում, մինչդեռ տարիներ առաջ այդ հարցը սրբապղծության պես մի բան կընկալվեր. ահա այսպիսի տրանսֆորմացիաներ)։ Մալադե՛ց. տղա են, է՜, տղա՜...

Այս խորագրի վերջին նյութերը