Մեկնաբանություն

30.05.2015 00:30


Փոխոստիկանապետը պետական ծրագիր է բացահայտել

Փոխոստիկանապետը պետական ծրագիր է բացահայտել

Առավոտյան ժամը 23:00000–ին տեղի ունեցած ասուլիսից հետո փոխոստիկանապետը կրկին հայտնվեց մամուլի ու հասարակության ուշադրության կենտրոնում։

Սամվել Հովհաննիսյանն այս անգամ ոչ թե նորովի էր մատուցել ժամերն ու ռոք խմբի անունը, այլ հանդես եկել առաջարկով։ Նա առաջարկել էր տաքսիներից օգտվելու մինիմալ վճարը դարձնել 1500 դրամ՝ 600–ի փոխարեն։

Բոլորը սկսեցին սոցցանցերում «պրիկոլներ անել» ու «կայֆեր բռնել» այս թեմայով, բայց իզուր։

Վլադիմիր Գասպարյանի բարեփոխած ոստիկանության քայլող մարմնավորում հանդիսացող Սամվելն իրականում գերհոգնած վիճակում լուրջ բան է արել։ Նա պետական ծրագիր է բացահայտել։

Փոխոստիկանապետը գրեթե պաշտոնապես տնտեսության հերթական ոլորտի մենաշնորհայնացման ծրագրի և մատուցվող ծառայության թանկացումների անոնսն է տվել։

Ինչպես հայտնի է, այս իշխանությունների օրոք խնդիր է դրված գերմենաշնորհային դարձնել տնտեսությունը, կենտրոնացնել ֆինանսական հոսքերն ու ցմահ իշխել։

Ըստ ամենայնի՝ հերթը հասել է տաքսիներին։ Անհատներին ուզում են խաղից հանել, հետո անցնել տաքսի ծառայություններին, ու հետո, երբ ոլորտում մենաշնորհ կհաստատվի, կթանկացնեն տաքսուց օգտվելու գինը։ Ու այդ ժամանակ արդեն Սամվե՛լը կսկսի «կայֆեր բռնել» սոցցանցերում տժժացողների վրա։

Այնպես որ, «Սիսիտեմ օն դաուն» խմբի սիրահար փոխոստիկանապետի ասածների վրա «պրիկոլներ բռնելուց» առաջ արժե լրջորեն մտահոգվել սպասվող զարգացումներով։ Հետո չդառնա ՀԷՑ–ի պատմությունը։

Սամվել Խաչագողյան

Հ.Գ.։ Ե՞րբ է գալու այն օրը, որ Սամվել Հովհաննիսյանին գեներալի կոչում տան։ Բոլոր պահանջներին նա համապատասխանում է։ Խելքը՝ տեղը, միտքը՝ տեղը, ժամանակի շունչը զգում է, նախաձեռնողականություն է ցուցաբերում, դրսևորում է բարձր քաղաքացիական գիտակցություն և օդում որսում է բարձր ղեկավարության ներքին ցանկությունները։

Այս խորագրի վերջին նյութերը