Հարցազրույց

03.02.2011 16:32


Հարություն Մեսրոբյան

Հարություն Մեսրոբյան

Հարցազրույց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ

-Շատերի պնդում են, որ կառավարությունն իր գործունեության մեջ ձախողվել է՝ ընդգծելով, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը վատ կառավարիչ է։ Ըստ Ձեզ, ո՞ւմ է ձեռնտու նման վարչապետ ունենալը։

-Ի սկզբանե նշեմ, որ Հայաստանի կառավարման ներկա համակարգը բացառում է որևէ պետական օղակից ակնկալել լուրջ արդյունք: Բանն այն է, որ 1991թ.-ից՝

ա) պետական համակարգը ձևավորում էին և ձևավորում են, որպես կանոն, կառավարման իմաստով անգրագետ մարդիկ

բ) պետական համակարգում ներդրվել և գործում է բացասական ընտրասերում (սելեկցիա), երբ ինչքան բարձր է պաշտոնը, այնքան քիչ հավանական է, որ ընտրվելու կամ նշանակվելու է բարոյական, կամային և պրոֆեսիոնալ հատկանիշներով օժտված մարդ

գ) բիզնես և պետական համակարգերը շատ արագ սկսել էին սերտանալ և հիմա դրանք անբաժանելի են:

Ստեղծվել է մի անհեթեթ իրավիճակ՝ հայկական պետական համակարգը քայլ առ քայլ քանդում է հայկական պետականությունը: Մեր կառավարության գործունեությունը վերլուծելիս կարելի է տեսնել, որ կառավարությունը'

ա) չունի հակաճգնաժամային ծրագիր (ի դեպ' ցանկացած բառերի շարան, որը ներկայացվում է որպես «հակաճգնաժամային ծրագիր», դեռ չի նշանակում, որ այդ շարանը հանդիսանում է որպես հակաճգնաժամային ծրագիր)

բ) չի տիրապետում իրավիճակին և համահունչ չի արձագանքում մարտահրավերներին (հիշենք միայն, թե քանի անգամ ՀՀ կառավարությունը և ՀՀ կենտրոնական բանկը փոխել են 2010թ.-ի գնաճի կանխատեսումները):

Ամփոփելով կարելի է պնդել, որ տվյալ կառավարման համակարգում միայն առաջին դեմքի կոշտ քաղաքական կամքը (ինչը չենք տեսնում 1991թ. առ այսօր) կարող է ինչ-որ բան փոխել: Այսպիսով, կառավարման տեսանկյունից անիմաստ է գնահատել որևէ պաշտոնատար անձի աշխատանքը: Լուծումը միայն համակարգային փոփոխությունների ոլորտում է, քանի որ ներկա կառավարման համակարգը և դրա հանգուցային դերակատարները չեն կարող և/կամ չեն ուզում գնալ խորքային փոփոխությունների:

-Արդյոք Սերժ Սարգսյանին ձեռք տալի՞ս է նման գործադիր ունենալը։

-Նախագահը գտնվում է նշված կառավարման համարգի բուրգի գագաթին: Պատմության մեջ եղել են փոքրաթիվ դեպքեր, երբ պետության ղեկավարն ինչ-որ պահից սկսել էր համարձակ բարեփոխումներ: Իսկ ինչո՞ւ հիմնականում նման բան չի լինում: Բանն այն է, որ, որպես կանոն, նման կառավարման համակարգերում կառավարման բուրգի մարդիկ (այդ թվում՝ պետության ղեկավարը, օլիգարխները, անգամ ընդդիմադիր շատ գործիչներ) ունեն միմյանց նկատմամբ, այսպես կոչված, «կախվածության պատմություն»: Հայաստանում «կախվածության պատմության» ժամկետը սարսափելի մեծ է՝ մոտ 20 տարի, քանի որ տարբեր պաշտոններում հաջորդաբար կառավարում են նույն շրջանակի մարդիկ: Այդ կախվածության պատճառով շատ մեծ է հավանականությունը, որ նշված մարդիկ ի զորու չեն լինելու լուծել հիմքային խնդիրներ: Հետևապես՝ «ձեռք տալու» կամ չտալու հարցը հռետորական է: Այսպիսով, «կախվածության պատմություն» ունեցող մարդկանցից սպասել հրաշքներ՝ գրեթե հեքիաթ է:

-Այսպիսի կառավարություն ունեցող նախագահն ինչի՞ է ձգտում։ Չէ՞ որ չնայած ակնհայտ ձախողումներին, հանրությանն այդուհանդերձ անընդհատ ներկայացվում է, թե կառավարությունն իր ծրագրերում հաջողել է։

-Նման դեպքերում, որպես կանոն, լինում է մեկ ձգտում՝ ամեն գնով պահել ստեղծված իրավիճակը: Գոյություն ունի շատ տարածված արտահայտություն՝ show must go on (ներկայացումը շարունակվում է): Մեր կառավարիչները միջազգային կառույցների «առաջարկություններին» համաձայնվելուց հետո նրանց ներկայացնում են, որ ամեն ինչ կատարել են: Զուգահեռաբար քաղաքացիներին ներկայացնում են Հայաստանը՝ որպես երազանքների երկիր՝ դժգոհելով, որ «անգիտակից» ժողովուրդը հավուր պատշաճի չի գնահատում նրանց «ահռելի մեծ աշխատանքը և փայլուն արդյունքները»: Իսկ եթե բանը բանից անցնում է, ապա հայտարարվում է, որ «եթե մենք չլինեինք, վիճակն ավելի վատ կլիներ»: Հիշենք, որ այդպես գնահատվեց Հայաստանի վրա ճգնաժամի ազդեցությունը: Անհրաժեշտ է նշել, որ բազմաթիվ սազանդարներ ներգրավված են «show must go on» խաղի մեջ (ա.թ.՝ հեռուստաընկերությունները): Դա բնական երևույթ է՝ երբ չունես արդյունքներ, անհրաժեշտ է դրանք նկարել:

-Արդյոք Հայաստանում առաջացող և սրվող խնդիրները միայն վատ կառավարմա՞ն արդյունք են։

-Բացասական դեր է խաղում մեր պատմության ազդեցությունը, որը փորձեցին «ջարդել» Գ.Նժդեհը, Ռ.Պատկանյանը, Րաֆֆին և էլի մի քանի մեր մեծերը: Այնպիսի ստրկամիտ արտահայտությունները, ինչպիսիք են՝ «մենք փոքր ազգ ենք», «գոյատևել» (այսինքն՝ քարշ գալ), «որտեղ հաց, այնտեղ կաց», «ձախից Թուրքիան, աջից Ադրբեջանը», «փոխզիջում» և այլն, շատ բացասական ազդեցություն են ունենում մեր կառավարչական որոշումների և գործողությունների վրա։

-Մեր երկրի տնտեսությունում գերկենտրոնացման միտումներ տեսնո՞ւմ եք։

-Հայաստանում գերկենտրոնացումը լայնածավալ շարունակվում է: Դա ներկա կառավարման համակարգի տրամաբանական արդյունքն է, որը նպաստում է երկրի փլուզմանը:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը