Լրահոս

03.11.2009 16:45


Հայաստանի կառավարությունը նախապատրաստվում է հայ–թուրքական սահմանի բացմա՞նը

Հայաստանի կառավարությունը նախապատրաստվում է հայ–թուրքական սահմանի բացմա՞նը

Այսօր «Հայելի» ակումբում խոսելով Հայաստանում թմրամոլության դեմ պայքարի և Թուրքիայի հետ սահմանի բացման պարագայում թմրամիջոցների՝ մեր երկիր հնարավոր ներմուծման և այլ վտանգների մասին՝ ՀՀԿ խմբակցության անդամ, ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մկրտիչ Մինասյանն ասել է, որ այս օրերին ՀՀ գերատեսչությունները բոլոր ուղղություններով ուսումնասիրություններ են անցկացնում և վերլուծություններ պատրաստում, այդ թվում՝ նաև անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ։

-Այդպիսի հանձնարարություն կա հանրապետության նախագահի կողմից կառավարությանը, որպեսզի բոլոր ուղղություններով ուսումնասիրվի, և նախապատրաստվենք այն գործողություններին, որոնք մեզ սպասվում են,- ասել է Մ. Մինասյանը։

Նա միաժամանակ նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացումը և դիվանագիտական հարաբերություններ սկսելը ողջունում և համարում  է ճիշտ քայլ, բայց ընդունում է նաև, որ կան մարտահրավերներ և վտանգներ, որոնց առնչությամբ Հայաստանը պետք է զգոնություն ցուցաբերի։ Գ. Մինասյանը մասնավորապես նշել է, որ ՀՀ համապատասխան գերատեսչությունները համապատասխան փորձ, գիտելիքներ և հմտություններ ունեն Թուրքիայից Հայաստան թմրաբիզնեսի հնարավոր ներթափանցման դեմ պայքարելու համար։

Նույն ակումբում հյուրընկալված Նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանն էլ թեև դժվարացել է ասել, թե Թուրքիայում որքան թմրամոլ կա, բայց նշել է, որ միայն Թբիլիսիում այդ թիվը կազմում է 150 հազար, Բաքվում՝ 50 հազար։ Հայաստանում թմրամոլները 30 հազարն են, որոնցից բուժում են ստացել 1141-ը։ Թմրամոլ կանայք կազմում են 30 հազարի ընդամենը 1%-ը։ Այս իմաստով Հայաստանի վիճակը համարվում է բարվոք։

Բանախոսները նաև ասեկոսեներ են անվանել այն լուրերը, որ մասնավորապես Հոկտեմբերյանի շրջանում և Լեռնային Ղարաբաղի ազատագրված տարածքներում թմրանյութ ստանալու նպատակով մեծաքանակ կակաչներ են աճեցվում։

-Մեր երկրում անողոք պայքար կա այդ չարիքի դեմ, և այդպիսի թողտվություն չկա, որ ինչ-որ մեկին թույլ տան, որ կակաչ կամ կանեփ աճեցնի, որ վաճառի և թունավորի ժողովրդին։ Դա բացառվում է։ Եվ հետո, ես եղել եմ ազատագրված տարածքներում և այդպիսի բան չեմ տեսել։ Հացահատիկ տեսել եմ, որ ցանում են, խոտ, անասնակեր ցանվում է, բայց այդպիսի բան չեմ տեսել,- վստահեցրել է Մ. Մինասյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը