Աշխարհ

26.05.2015 12:40


«Հըզբոլլահի» առաջնորդն առաջին անգամ խոստովանել է իր մասնակցությունը սիրիական պատերազմին

«Հըզբոլլահի» առաջնորդն առաջին անգամ խոստովանել է իր մասնակցությունը սիրիական պատերազմին

Լիբանանի տարածքում գործող շիական զինված «Հըզբոլլահ» խմբավորման առաջնորդն առաջին անգամ հրապարակային հայտարարել է, որ իր շարժման զինյալները մասնակցում են Սիրիայի քաղաքացիական պատերազմին։ Նասրալլայի խոսքերով՝ «Հըզբոլլահը» Բաշար Ասադի զորքերի հետ պայքարում է «Իսլամական պետության» դեմ, որը, նրա խոսքերով, աննախադեպ վտանգ է ներկայացնում՝ սպառնալով ողջ մարդկության գոյությանը։

Ըստ Նասրալլայի՝ ԻՊ–ն սպառնալիք չէ, որը պետք է չեզոքացնել միայն Լիբանանում, Սիրիայում կամ Իրաքում։

«Այն վտանգ է բոլորի համար, որի դեմ պայքարելու համար մենք հրավիրում ենք Լիբանանում ու տարածաշրջանում բոլորին՝ կոչ անելով վերջ դնել իրենց լռությանը, վարանումներին ու չեզոքությանը»,–ասել է Նասրալլան։

«Հըզբոլլահը» սիրիական քաղաքացիական պատերազմի ակտիվ մասնակից դարձավ 2013–ի մայիսից, երբ Հասան Նասրալլան հայտարարեց, որ իր խմբավորումն աջակցում է Ասադի ջանքերին ահաբեկիչների դեմ պայքարում։ Սակայն երկու տարի շարունակ նա հայտարարում էր, որ «Հըզբոլլահը» միայն պաշտպանական բնութագիր ունի, որի հիմնական նպատակն է թույլ չտալ, որ ծայրահեղականությունը տարածվի Լիբանանում։ Քաղաքական ոչ բոլոր ուժերն են աջակցում «Հըզբոլլահին» երկրում։ Իր ելույթում Նասրալլան դիմել է ընդդիմադիր «Ապագայի շարժման» անդամներին, որոնք քանիցս կոչ են արել լիբանանցիներին չխառնել ուրիշի պատերազմին։ «Հըզբոլլահի» առաջնորդը հայտարարել է, որ նրանք կդառնան առաջին զոհերը, եթե ռազմական գործողությունները թափանցեն Լիբանան։ Նասրալլան նաև կոչ է արել հույս չդնել պրոամերիկյան կոալիցիայի հարվածների վրա՝ հիշեցնելով, որ ավիահարվածները չեն կանգնեցնում զինյալների ակտիվ առաջխաղացումը։

Հիշեցնենք՝ անցած շաբաթ իսլամիստներին հաջողվել է գրավել հնագույն Փալմիրա քաղաքը Սիրիայում, իսկ Իրաքում՝ Ռամադին։ ԱՄՆ պաշտպանության նախարար Քարթերը Ռամադիի գրավման համար մեղադրել է իրաքյան բանակին, որը, ըստ նրա, «պայքարելու կամք չի ունեցել»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը