Լրահոս

03.11.2009 13:45


Բոնուսների տրամադրումը կշարունակվի մինչև այս եռամսյակի ավարտը

Բոնուսների տրամադրումը կշարունակվի մինչև այս եռամսյակի ավարտը

-Բոնուսները շարունակվում են տրամադրվել երրորդ եռամսյակի կտրոնների դիմաց, այժմ էլ ընթացքում են։ Մեր բոլոր սպասելիքները ազգաբնակչության քանակության սպասարկման առումով գերազանցվեցին։ Անցած եռամսյակում մենք սպասարկեցինք 75 հազ. քաղաքացիների, ներկայումս այդ հոսքը չի պակասել։ Բոնուսների տրամադրումը կշարունակվի մինչև այս եռամսյակի ավարտը,- Մամուլի ազգային ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը։

2010թ. հերթերից ձերբազատվելու համար մտցվելու է նոր համակարգ, և գործառույթը փոխանցվելու է բանկերին։ Կլուծվի նաև անարդար բախշման խնդիրը, քանի որ այսօր բոնուս են ստանում գումարի միջինը 3%-ի չափով, և առանձին դեպքերում փոքր բիզնեսի մոտ ստացվում է՝ 3%-ի բոնուս են ստանում, այն դեպքում, երբ հարկը կազմում է 2%։ Եկող տարվանից բոնուսի գումարը կդառնա ներկայացված կտրոնների արժեքի 1%-ը։

-Այն հնարամտությունները, որ մեր քաղաքացիները բանեցնում են, դա նույնիսկ երևակայությանը մոտ չէ։ Օրինակ, քաղաքացին ներկայացրել է կտրոններ, որից բխում է, թե ինքը ավտոմեքենան լիցքավորել է յուրաքանչյուր 5 րոպեն մեկ։ Հետո հայտարարություն է գրել, թե հարսանիք է կազմակերպել և բոլոր հյուրերի ավտոմեքենաները լիցքավորել է։ Երբ խորանում ես, պարզվում է, որ այդ կտրոնները մի ամբողջ ամսվա են պատկանում, այսինքն այդ հարսանիքը մի ամիս շարունակվում էր,- քաղաքացիների կողմից բոնուսներ ստանալու նպատակով տարբեր հնարամտությունների դիմելու դեպքերից օրինակ է բերել Արմեն Ալավերդյանը։

Վերոնշյալ երևույթները կանխելու համար կառավարությունը որոշում է կայացրել, և հունվարի 1-ից կտրոնները կլինեն տարբերակված։ Ռիսկային այդ ոլորտներում կտրոնները տարբեր գույներ կունենան, և դրանց դիմաց բոնուս չի տրամադրվի։

Նա նաև նշել է, որ արդեն հայտնվել են մարդիկ, ովքեր վերահսկում են հերթերը՝ դրանք վերածելով յուրօրինակ բիզնեսի։

-Նման արարքները ստվեր են նետում իսկապես ազնիվ բոնուս ստացող քաղաքացիների վրա։ Մենք ձգտելու ենք այս հարաբերությունները կարգավորել, իհարկե՝ հօգուտ մեր քաղաքացիների,- ընդգծել է Ա.Ալավերդյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը