Մեկնաբանություն

24.05.2015 12:25


ԵՏՄատեսիլ

ԵՏՄատեսիլ

Եվ այսպես, ավարտվեց հերթական ռազմագործողությունը։

Հայ ժողովրդի եվրատեսիլասեր և կոնչիտայատյաց հատվածն այս գիշեր հերթական բարոյական հաղթանակը տարավ՝ մխիթարվելով, թե բա՝ հո Կոնչիտայի ձեռքից մրցանակ չէի՞նք ստանալու։

Ինչպես հայտնի է, Ավստրիայում տեղի ունեցած «Եվրատեսիլի» եզրափակիչ փուլում մեր երկիրը ցածր միավորներ հավաքեց։ «Նախաձեռնողական» արտաքին քաղաքականությունից հետո սա նորմա է դարձել։ Տիգրան Սարգսյանի «Հայկական աշխարհում» հայտնվածներն այդպիսով իրենց «ջերմ» վերաբերմունքն են ցույց տալիս՝ բողոքի ակցիա կազմակերպելով «SMS»–ների միջոցով։

Հայաստանի տիպի պետությունների համար «Եվրատեսիլը» նախ և առաջ քաղաքականություն է, ապա նոր միայն երգի մրցույթ։ Համենայնդեպս, հետխորհրդային որոշ երկրներում և Վարշավյան պայմանագրի նախկին անդամ պետություններում ընկալումներն ու քվեարկություններն են այդպիսին։

Դժվար չէ կռահել, որ, ինչքան էլ, ասենք, Ռումինիան ներկայացնող մասնակիցն անտաղանդ լինի, միևնույն է, Մոլդովան Ռումինիային բարձր միավոր է տալու, և հակառակը։

Պարզ է, որ Սերբիան Ալբանիային ձայն չի տա, իսկ Հայաստանն՝ Ադրբեջանին, և այդպես շարունակ։

Հայաստանը ներկայացնողների կատարողական վարպետությունը, թերևս, ամենալավն էր, բայց դե, երգը՝ երգ, քաղաքականությունը՝ քաղաքականություն։

Հետաքրքիր էր հետևելը, թե ինչպես են պահելու իրենց Եվրասիական տնտեսական միության՝ ԵՏՄ–ի անդամ մեր գործընկեր պետությունները։ Ռուսաստանից ստացանք 6 միավոր, Բելառուսից՝ 4: Եթե Ղազախստանը մասնակցեր, ապա չկասկածեք, որ կստանայինք 0 միավոր. Նազարբաևը կհրապարակեր Ալիևի հերթական նամակն, ու դրանով ամեն ինչ կփակվեր։ Ասել է թե՝ մեզ ԵՏՄ–ում նույնիսկ եվրատեսիլյան միավոր չեն տալիս, էլ ուր մնաց այլ՝ ավելի առարկայական բան տան։

Ի դեպ, մինչև ԵՏՄ մտնելը մենք հատկապես ՌԴ–ից բարձր միավորներ էինք ստանում։ Այս տարի շատ ուշագրավ պատկեր ստացվեց։ Հայաստանն ու Ադրբեջանը 12 միավոր տվեցին Ռուսաստանին, իսկ վերջինս բարձր միավորները բաշխեց այլ երկրների։ Սա շատ խոսուն փաստ է։ Երևանում ու Բաքվում զորիգայկովիչների քծնողական մրցավազքի հետևանքն այլ բան չէր կարող լինել։ Արժանապատվություն չունեցողներին, բնականաբար, միավոր չեն տալիս։ Եվ ընդհանրապես ոչ մի բան չեն տալիս։

Մեզ միավոր չեն տալիս նաև վերջին տարիներին Հայաստանից արտագաղթած (իրականում՝ Հայաստանից փախած) մեր եղբայրներն ու քույրերը, քանզի, կրկնեմ միտքս, դա իրենց «մուռն» է ՀՀ իշխանություններից։

«Եվրատեսիլը» երգի մրցույթ է, բայց քաղաքականությունը երկրորդ տեղում չէ (այդ քաղաքականության շրջանակներում գրեթե ողջ Եվրոպան «Եվրատեսիլի» բեմի վրա դիալոգի մեջ մտավ ՌԴ–ի հետ ու «քցեց» Ուկրաինային)։

Վիեննայում մեզ համար յուրօրինակ մրցույթ էր՝ ԵՏՄատեսիլ։ Այդ մրցույթից պարզ դարձավ, որ մենք ոչ միայն ԵՄ տարածքում, այլ նաև ԵՏՄ–ում գործընկերներ չունենք։ Միայն Վրաստանը, որը ԵՏՄ անդամ չէ, դեռ իներցիայով բարձր միավոր է տալիս մեզ, բայց եթե Յուրի Վարդանյանին մի քիչ էլ այնտեղ պահենք, եթե Բաղրամյան 26–ում շարունակեն «օրվա կուրսով» քաղաքականություն վարել Վրաստանի մասով, եթե շարունակեն մոռացության տալ ջավախահայերին, ապա դա էլ չի լինի։

Անշո՛ւշտ, «Եվրատեսիլում» ցածր միավորներ հավաքելը չի նշանակում, որ աշխարհը փուլ է եկել մեր գլխին։ Դա նախ և առաջ նշանակում է, որ աշխարհասփյուռ հայությունը, երգի մրցույթի առիթն օգտագործելով, քաղաքական փոփոխությունների «մեսիջ» է հղում ՀՀ քաղաքացիներին։ Այդ «մեսիջը» ընդունել և իրականացնել է պետք։ Թեև, առանց այդ «մեսիջի» էլ ՀՀ քաղաքացիների համար ամեն ինչ պարզ է, քանզի քաղաքական փոփոխությունների թիվ մեկ շահառուն ՀՀ քաղաքացին է։

Սամվել Խաչագողյան

Հ.Գ.։ «Եվրատեսիլի» քվեարկության արդյունքները ցույց տվեցին, որ նավթի միջազգային գների անկումը շատ լուրջ է ազդել Ադրբեջանի ու, մասնավորապես, ալիևյան կլանի վրա։ Կաշառք տալու պահով Բաքվում արդեն տնտեսում են։ Դա է պատճառը, որ միայն Չեխիան 12 միավոր տվեց Ադրբեջանին։

Վաղը երևի մի «հայ» կհայտնաբերեն Ադրբեջանում ու նրան կմեղադրեն «Եվրատեսիլում» չհաղթելու համար՝ ձեռքի հետ էլ խլելով նրա սեփականությունը։

Այս խորագրի վերջին նյութերը