Լրահոս

03.11.2009 11:17


Նիկոլ Փաշինյանը Երևան-Կենտրոն ՔԿՀ-ից ուղերձ է հղել

Նիկոլ Փաշինյանը Երևան-Կենտրոն ՔԿՀ-ից ուղերձ է հղել

Սիրելի ժողովուրդ.

Երևանի թիվ 10 ընտրատարածքում 2010 թ. հունվարի 10-ին կայանալիք լրացուցիչ ընտրություններում ԱԺ պատգամավորի թեկնածու եմ առաջադրվել: Այս ընտրատարածքում պատգամավորական մանդատը թափուր է մնացել այն բանից հետո, երբ ընտրված պատգամավոր, իմ բարեկամ Խաչատուր Սուքիասյանը վայր դրեց իր լրազորությունները:
 
Ընտրական այս գործընթացին մասնակցելու որոշումը կայացրել եմ՝ ի կատարումն հանուն օրինականության և արդարության, հանուն իշխանություն ձևավորելու ժողովրդական իրավունքի, հանուն հայաստանցու արժանապատվության՝ բոլոր հասու միջոցներով պայքարելու իմ խոստման:
 
Առաջիկա ընտրությունները ՀՀ քաղաքացուն հնարավորություն են տալու ճեղքել օր օրի իրեն պարուրող ամենաթողության ու բռնության շղթան, և այդ հնարավորության իրացմանը ծառայելը իմ պարտքն եմ համարում՝ որպես Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկում (ԿԳԲ-ի բանտ) պահվող քաղբանտարկյալ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Պատգամավորի թեկնածու առաջադրվելու այս քայլին դիմում եմ՝ հանուն 2008 թ. մարտի 1-ի տասը անմեղ զոհերի հիշատակի, հանուն բռնապետության զնդաններում պահվող քաղբանտարկյալների, հանուն բոլոր այն քաղաքացիների, ում իրավունքները ոտնահարված են, ում արժանապատվությունը խոցված է բեսպրեդելի կողմից: Այս քայլը անում եմ հանուն մեր երեխաների, ովքեր Ազատ և Երջանիկ Հայաստանում ապրելու մեր խոստումն ունեն:
 
Սույն ուղերձով նաև՝
 
- եղբայրական ողջույններ եմ հղում Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող քաղաքական կուսակցությունների անդամներին, այդ կուսակցությունների և Կոնգրեսի առաջնորդներին, ովքեր առաջիկա ընտրություններում իմ թեկանծությունը պաշտպանելու որոշում են կայացրել.
 
- իմ երախտիքն եմ հայտնում Հանրապետություն կուսակցությանը, նրա Քաղաքական խորհրդին, ՔաղԽորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցին, ովքեր հնարավոր համարեցին իրենց սկզբունքների և արժեքների պաշտպանությունը՝ իմ թեկնածությանը աջակցելու միջոցով.
 
- ակնկալում եմ, որ Հայ ազգային կոնգրեսի մաս չկազմող ընդդիմադիր ուժերը նույնպես հստակ դիրքորոշում կարտահայտեն սպասվող ընտրությունների վերաբերյալ.
 
- բարձր եմ գնահատում նույն ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկանծու առաջադրված Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հայտարարությունը՝ մեր հնարավոր համագործակցության մասին, և դրանք ընդունում եմ ի գիտություն:
 
Սիրելի ժողովուրդ.
 
Ես հավատում եմ մեր հաղթանակին, ոչ միայն հունվարի 10-ի ընտրություններում, այլև՝ հանուն Սահմանադրության, օրինականության, ժողովրդի իշխանության մեր մղած պայքարում: Համոզված եմ, որ Հաղթանակը իրաղություն կդառնա այն պարագայում, երբ Ազատ, Հզոր, Երջանիկ Հայաստանի երազանք ունեցող ամեն ոք՝ անկախ քաղաքական և քաղաքացիական դիրքից, հանուն հաղթանակի, իրենից կախված հնարավորը կանի:
 
Եվ ուրեմն՝ Կեցցե Հայաստանի Հանրապետությունը,Կեցցե Ազատությունը, Կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ և Երջանիկ Հայաստանում:
 
Աստված մեզ օգնական:
 
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
ԱԺ պատգամավորի թեկնածու

քաղբանտարկյալ, Երևան-Կենտրոն ՔԿՀ-ից

Այս խորագրի վերջին նյութերը