Մեկնաբանություն

20.05.2015 12:00


Ներիշխանական գզվռտոցը տրագիկոմեդիայի է վերածվում

Ներիշխանական գզվռտոցը տրագիկոմեդիայի է վերածվում

Փետրվարյան իրադարձություններից հետո հանրային դիմադրությունը զգալիորեն թուլացավ։ Առաջացավ հսկայական վակուում, որը ֆիզիկայի օրենքի համաձայն՝ այս կամ այն կերպ պետք է լցվեր։

Քանի դեռ նոր՝ ավելի հզոր շարժում չի ձևավորվել, այդ վակուումը լցվում է ներիշխանական գզվռտոցով։

Իշխանության տարբեր թևերը սկսել են «տակից» ու «վրայից» պայքարել և կիսել չսպանված արջի մորթին։ Մի մասը դա անում է՝ քաջ գիտակցելով, որ շոուի է մասնակցում, իսկ մյուս մասն էլ լուրջ է ընդունել, որ ինքը դեմք է, և անկեղծորեն մտել է խաղի մեջ։

Սկսկվել է «Ժառանգորդ» միջոցառումը, և դա այն դեպքում, երբ գործող նախագահը չի էլ թաքցնում, որ մտադիր չէ որևէ մեկին հանձնել իշխանությունը, այլ ցանկանում է սահմանադրական փոփոխությունների միջոցով ցմահ իշխանություն ունենալ՝ զրո պատասխանատվությամբ։

Ասել է թե՝ «Ժառանգորդի» համար գզվռտոցը տրագիկոմեդիայի է վերածվել։

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսի կեղտոտ և սոդոմգոմորային մթնոլորտ է իշխանության ներսում։

Նողկալին այն է, որ շատերը գիտեն այդ մասին, բայց խաղի մեջ են մտցրել անգամ կնանիքին։ Կամ էլ կնանիք են «թռել» ամուսինների գլուխների վրայից ու ակտիվություն են ցուցաբերում, քանզի իրենց դուր է եկել «էքշընը»։

Նողկալի է նաև այն, որ «Գեբելսյան» քարոզչամեքենայի մի հատվածին հրահանգել են դրական լույսի ներքո «ռասկրուտկա անել» «նախագահացուներից» մեկին և յուր կնոջը, իսկ մյուս հատվածին լծել են նույն այդ պերսոնաժների «փչացման» գործին։ Լավ ու վատ կողմերով «ռասկրուտկա» լինողներն էլ վրդովված են և դրսում են փնտրում պատվիրատուներին, մինչդեռ և՛ դրական, և՛ բացասական «փիառ»–ի հրահանգը գալիս է ներսից՝ մեկ կենտրոնից։

Ահա այսպես էլ ձևավորվում է գաղջ մթնոլորտն իշխանության ներսում, և հետագայում ամբողջ գարշահոտությունը տարածվում է երկրով մեկ։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը