Լրահոս

02.11.2009 11:56


ՍԴՀԿ Հայաստանի և կենտրոնական վարչությունները հակասության մե՞ջ են, կամ ո՞վ է ուզում հեռացնել Վարդան Խաչատրյանին

ՍԴՀԿ Հայաստանի և կենտրոնական վարչությունները հակասության մե՞ջ են, կամ ո՞վ է ուզում հեռացնել Վարդան Խաչատրյանին

-Վարդան Խաչատրյանին հեռացնելու խնդիրը տեղափոխվել է կենտրոնական վարչության օրակարգ։ Այս պահին Վարդան Խաչատրյանը հանդիսանում է ՍԴՀԿ անդամ,- «7օր»-ին ասել է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության մամլո խոսնակ Նարեկ Գալստյանը՝ նշելով, որ Վ. Խաչատրյանն իրենց կուսակցությունից չի հեռացվել։

Հիշեցնենք, որ 2 օր առաջ ՍԴՀԿ-ն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ 2009թ. հոկտեմբերի 31-ին կայացած ՍԴՀԿ վարչության արտահերթ նիստում քննարկվել է վերջերս «Ժառանգություն»  կուսակցությունից հեռացված և ՍԴՀԿ-ին անդամագրված Վարդան Խաչատրյանի հարցը:

«Համաձայն ՍԴՀԿ կանոնադրության անդամակցության մասին դրույթի 4-րդ կետի՝ հայկական ազգային կուսակցություններից որևէ մեկին նախկինում անդամակցած մարդիկ կարող են ՍԴՀԿ-ին անդամակցելու դիմում ներկայացնել այդ կուսակցությունից դուրս գալուց առնվազն մեկ տարի անց։ Ձայների մեծամասնությամբ դադարեցվեց Վ. Խաչատրյանի յոթօրյա  անդամակցությունը ՍԴՀԿ-ին: Նշվեց նաև, որ նա կարող է դիմում ներկայացնել մեկ տարի անց, որը կքննարկվի վարչության կողմից»,- նշված էր Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության վարչության տարածած հաղորդագրությունում։

-Այդ հաղորդագրությունը Հայաստանի վարչությա՛ն հաղորդագրությունն է,-մեկնաբանելով վերոնշյալ հաղորդագրությունը՝ «7օր»-ին ասել է Ն. Գալստյանը՝ հավելելով, որ նման հարցն իրավասու է որոշել միայն ՍԴՀԿ կենտրոնական վարչությունը, որի որոշման մասին հայտնի կդառնա մոտ 2 օրվա ընթացքում.

-Կենտրոնական վարչությունն իր օրակարգով իրավասու է որոշել՝ Վարդան Խաչատրյանը շարունակելո՞ւ է իր կուսակցական գործուներությունը կուսակցությունում, թե՞ ոչ։ Ամենայն հավանականությամբ, կենտրոնական վարչությունը, որը ղեկավարում է աշխարհի 22 երկրների տեղական համայնքների Հնչակյան կուսակցությունը, այդ վճիռը կբեկանի, և Վարդան Խաչատրյանը կմնա կուսակցության անդամ։

ՍԴՀԿ մամլո խոսնակը նաև ավելացրել է, որ այս ամենը կանոնադրության սխալ մեկնաբանության արդյունք է, և հետագայում նմանատիպ խնդիրներ չեն լինի, ու «բոլոր մարդիկ զերծ կմնան շտապողական մեկնաբանություններ անելուց».

-Մեդալը երկու երես ունի։ Մեկը նայվել էր, մյուսը՝ ո՛չ։ Արդեն երկրորդ երեսը նայվեց։

Իսկ հատուկ Վարդան Խաչատրյանի համար Նարեկ Գալստյանը ՍԴՀԿ-ի մարտական երգերից մեկի տողերն է մեջբերել՝ շեշտելով, որ այն մարդը, ով անդամակցում է Հնչակյան կուսակցությանը, պետք է հասկանա, որ հեշտ ճանապարհով չի անցնում, և քանի որ այն անձի կուսակցություն չէ, ապա կարծիքների բախում է տեղի ունենում.

-Վարդան Խաչատրյանն այս խնդրին պետք է նայի շատ հանգիստ։ Նրա համար եմ ցիտում մեր կուսակցության մարտական երգը. «Բանտ և աքսորանք, գնդակ և զնդան, ու մատնություններ, տեռորներ անվերջ, չեն  կարող մարել հուրը սրբազան գաղափարի, որ կուռճանա մեր մեջ»։

Ի դեպ, «7օր»-ը փորձել է կապ հաստատել նաև Վարդան Խաչատրյանի և ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ։ Վ. Խաչատրյանը լսափողն այդպես էլ չի վերցրել, իսկ Լ. Սարգսյանն ասել է, որ խիստ զբաղված է և չի կարող խոսել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը