Մեկնաբանություն

14.05.2015 17:35


Ինչո՞ւ է լռում Սերժ Սարգսյանը

Ինչո՞ւ է լռում Սերժ Սարգսյանը

Ղարաբաղում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին անդրադարձել են բոլոր շահագրգիռ սուբյեկտները։

Մի մասը ողջունել է դրանք ու դրական գնահատել ընթացքը։ Մյուսները չեզոք տեսակետ են հայտնել։ Երրորդներն էլ մատնանշել են ընտրակեղծիքներն ու խոսել թերությունների մասին։

Մի խոսքով, արտահայտվել են բոլորը, բացի մեկից, և այդ մեկը Սերժ Սարգսյանն է, ով ի պաշտոնե պետք է գնահատական հնչեցներ։ Սակայն նա լուռ է։

Ըստ ամենայնի՝ Սերժ Սարգսյանը դժգոհ է մնացել ընտրություններից։ Ոչ այն պատճառով, իհարկե, որ այնտեղ կեղծիքներով է հնարավոր եղել «խփել» այնքան տոկոս, որքան ցանկանում են։ Այդ առումով, կարծես, խնդիր չկա։ Համ էլ՝ ընտրակեղծիքները ե՞րբ են խորթ եղել Սարգսյանին, որ նման «մանր» հարցի պատճառով նա չողջուներ ընտրությունները, և չշնորհավորեր «հաղթողներին»։

Այստեղ այլ հարց կա։

Բաղրամյան 26–ում մի քիչ բարկացած են ԼՂՀ իշխանությունների վրա։ Պատճառն այն է, որ ընտրությունների ցանկալի արդյունքի համար անհրաժեշտ է եղել հայաստանյան իշխանությունների աջակցությունը, մինչդեռ Ստեփանակերտից միշտ վստահեցրել են, թե շե՛ֆ, ամեն ինչ կարգին է, ամեն ինչ վերահսկվում է։

Պարզվեց, որ ամեն ինչ չի վերահսկվում, և կարող է «խիարը թարս բուսնել»։ Դրա համար էլ Երևանից իրար խառնվեցին։ Պատահական չէ, որ ՀՀ կառավարությունը 20 միլիոն դոլար հատկացրեց ԼՂՀ–ին։

Բանն այն է, որ ամիսներ շարունակ Ղարաբաղում բյուջետային աշխատողների աշխատավարձերը չէին կարողանում տալ։ Ընտրությունների նախաշեմին այդ ամենը կարող էր հսկայական ազդեցություն թողնել։ Մանավանդ որ ղարաբաղցի ընտրողները, ի տարբերություն նախորդ ընտրությունների, այլընտրանքային ուժի ձայն տալու հնարավորություն ունեին։

Երևանում էլ էին անհանգստացած այդ թեմայով։ Դրա համար էլ երևացող ու չերևացող օժանդակություն ցուցաբերեցին ղարաբաղյան իշխանություններին։ Ասել է թե՝ առանց հայաստանյան իշխանությունների աջակցության՝ Ղարաբաղում իշխանական կուսակցությունները խնդիրներ էին ունենալու։

Սարգսյանը հենց դրա համար չի անդրադառնում Ղարաբաղի ընտրություններին ու չի շնորհավորում «հաղթողներին», քանզի շատ լավ գիտի, որ Երևանի աջակցությամբ են տոկոսները «խփվել»։ Դե, ինքն իրեն հո չի՞ շնորհավորելու։ Սա այն եզակի դեպքերից է, երբ Սարգսյանը չի ուզում ձևականությունների հետևից ընկնել։

Գևորգ Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը