Հարցազրույց

14.05.2015 14:20


Վարուժան Ավետիսյան. ««Haqqin.az»–ին հարցազրույց տալու իմաստը չեմ հասկանում»

Վարուժան Ավետիսյան. ««Haqqin.az»–ին հարցազրույց տալու իմաստը չեմ հասկանում»

Հարցազրույց «Հիմնադիր խորհրդարանի» նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանի հետ

–Ինչպե՞ս եք գնահատում ադրբեջանական «Haqqin.az» կայքին Տիգրան Խզմալյանի տված հարցազրույցը և այնտեղ հնչեցված մտքերը։

–Հարցազրույցի տեքստը չեմ հասցրել կարդալ. միայն դրա վերաբերյալ մեկնաբանություններն եմ տեսել։ Ինչ վերաբերում է բուն հարցազրույց տալու երևույթին, ապա զուտ իրավունքի տեսանկյունից եթե դիտարկենք, ապա իր իրավունքն է։ Մենք չենք կարող իրավական հարթության մեջ որևէ բան որևէ մեկին ներկայացնել՝ դրական, թե բացասական, թե ինչու է նման բան արել։

–Իսկ եթե իրավական հարթությունից դուրս նայե՞նք։

–Չեմ կարծում, որ դրանով ինչ–որ խնդիր է լուծվել, և թե ինչու է նման բան արել, պետք է իրեն հարցնել։ Չեմ հասկանում։ Իմաստը, նպատակը չեմ հասկանում, ճիշտն ասած։

–Հարցազրույց տալո՞ւ իմաստը։

–Այո՛... որ ի՞նչ, չեմ հասկանում։ Պետք է պարոն Խզմալյանին հարցնել. ես ուրիշ մեկնաբանություն չեմ կարող անել, որովհետև հատուկ չեմ էլ կենտրոնացել այդ հարցի վրա։

–Ինչո՞ւ։

–Մենք շատ ավելի լուրջ պրոբլեմներ ունենք, քան այն՝ Տիգրան Խզմալյանն ինչ–որ մեկին հարցազրույց տվել է, թե ոչ։

–Ասացիք, որ բուն հարցազրույցի բովանդակությանը ծանոթ չեք, բայց այնտեղ Խզմալյանն ուշագրավ մտքեր է հայտնել։ Խոսքս հայաստանյան կյանքի քննադատությանը չի վերաբերում։

–Դա պարոն Խզմալյանի կարծիքն է, և պետք է իրեն հարցնել։ Ես իր կամ որևէ այլ քաղաքացու մասնավոր գնահատականները մեկնաբանելու հատուկ կարիք չեմ տեսնում։ Եթե դա որևէ քաղաքական ուժ աներ կամ որևէ պաշտոնական որևէ աղբյուր, մեկ այլ հարց է։ Բայց պարոն Խզմալյանն ինքն իրեն է ներկայացնում, և դրանք մասնավոր անձի մեկնաբանություններ են։

–Մասնավոր է, սակայն դուք գաղափարակից էիք. բավականին երկար ժամանակ համագործակցում էիք, այժմ էլ շփումներ ունեք։

–Երկար ժամանակ է, որ պարոն Խզմալյանը մեր շրջանակում չէ, և նա «Հիմնադիր խորհրդարանի» անդամ չի էլ ուզեցել դառնալ. չի դարձել, մեր շատ գաղափարների հետ համաձայն չէ։ Մի խոսքով, դա անցյալում եղած մի բան է։ Թեպետ անձնական հարաբերություններ պահպանվել են։ Խոսքը միայն անձնական հարաբերությունների մասին է։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը