Մեկնաբանություն

12.05.2015 13:56


Ովքե՞ր են կռվելու (տեսանյութ)

Ովքե՞ր են կռվելու (տեսանյութ)

Մեր թշնամի երկրում հակահայկականությունը հասել է մարազմի։ Այնտեղ երբ ցանկանում են մեկին վարկաբեկել, անմիջապես հայկական արմատներ են փնտրում նրա մոտ։ «Գեբելսյան» քարոզչամեքենա այնտեղ էլ կա, բայց այլ տարբերակով է աշխատում։

Եթե մեր տնաբույծ «գեբելսականների» թիրախն ուղղված է ներս, ապա Ադրբեջանի թիրախը դրսում է՝ Հայաստանն է նրանց թիրախը։ Այսինքն, ստացվում է, որ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի «Գեբելսյան» քարոզչամեքենաներն աշխատում են Հայաստանի դեմ։

Հակահայկականությունն Ադրբեջանում ֆաշիստական բնույթ է կրում։ Դա նշանակում է, որ այնտեղ պատրաստվում են պատերազմի։ Վաղուց են պատրաստվում։ Նրանց բոլոր ռեսուրսներն այդ ուղղությամբ են ներդրվում։

Հայաստանում լրիվ հակառակ պատկերն է։ Իշխանությունները ոչ պատերազմի են պատրատվում, ոչ էլ խաղաղության։ Նրանք պարզապես փող են աշխատում։ Բնականաբար, հանրության, պետության ու հաղթանակի հաշվին։

Հանրության մեծ մասն էլ իր հերթին կքած է ընթացիկ խնդիրների տակ և ժամանակ ու հավես չունի անվտանգության հարցերով զբաղվելու։ Ամեն ինչ թողնված է ինքնահոսի։

Ճիշտ է, բաժակաճառային մակարդակով հայտարարվում է, որ պատրաստ ենք դիմակայել թշնամուն, բայց գործնականում ոչ մի քայլ չկա։

Մենք հաղթել ենք մարտի դաշտում, բայց պարտվում ենք թիկունքում՝ չկարողանալով արդյունավետ գործող պետական կառույցներ ու զարգացող տնտեսություն ունենալ։

«Նախաձեռնողական» արտաքին քաղաքականության շրջանակներում հայտարարվեց, որ «Ֆուտբոլային» դիվանագիտությունը հանուն խաղաղության է, բայց իրականում մենք դրանով մոտեցրինք պատերազմը։

Պատերազմը մոտենում է նաև Հայաստանի սոցիալ–տնտեսական ծանր վիճակի պատճառով։ Տիգրան Սարգսյանը կատարեց առաջադրանքն ու գնաց, իսկ Հովիկ Աբրահամյանի մոտ նույնը ստացվում է առանց առաջադրանքի։

Մենք նաև այլ բնույթի խնդիրներ ունենք։ Պատերազմի ժամանակ հիմնականում դասալքությամբ աչքի ընկնողների և կապիտալի նախնական կուտակմամբ զբաղվողների ձեռքերում են այժմ հայտնվել պետությունն ու բանակը։

Եվ հարց է առաջանում՝ ովքե՞ր են կռվելու հնարավոր պատերազմի ժամանակ։

Իշխանության վերին օղակում հայտնվածները հաստատ պատերազմ չեն գնալու։ Նրանք իրենց ընտանիքի անդամների հետ մտահոգված են լինելու բացառապես կուտակած կապիտալն ապահով տեղ պահելու խնդրով։

Չեն կռվելու իշխանություններին սպասարկող «լնգուլավազները»։ Դրանք շակալություն են անում և «դուխով» վրա տալիս միայն վերևից եկած «ֆաս» հրահանգի դեպքում, իսկ ահա կռվի հոտն առնելուն պես հօդս են ցնդելու։

Չեն կռվելու այսօրվա «մարշալները»։ Նրանց կանայք իրենց ամուսիններին պատրաստ են հերոսի դերում տեսնել հեռուստատեսային շոուների ժամանակ, բայց ոչ մարտի դաշտում։

Չեն կռվելու օֆշորային մեքենայության «հերոսները»։ Նրանք կամաց–կամաց թռնում են «զա կառդոն»։

Չեն կռվելու նաև Բաղրամյան 26–ին կցված հաճախորդներն ու թուրք–ադրբեջանական քարոզչամեքենային կցված «անկախ» մամուլի միջոցների մշակները։

Մանվելն ու Սեյրանն էլ ոչ թե Բաքվում կիսատ թողած գործերով են զբաղվելու, այլ իրենց ունեցվածքը պահելու խնդրով։ Երկրապահ կամավորականների միությունը դարձել է իշխանությանը կից բանդա, որը «կռված տղու» լիցենզիաներ է բաժանում, վայելում է ամենաթողության բերկրանքը և տաք խորտիկներ համտեսում «հայրենասիրական» ճառերի տակ։ Արդյունքում՝ երկրապահ են դարձել պատերազմի տարիներին դպրոցական եղած Տարոն Մարգարյանը, կռվի ընթացքում թալանով զբաղված Սուրիկ Խաչատրյանը, շաքարավազի «ճակատում» կռիվ տված Սամվել Ալեքսանյանն ու ոսկեղենիկ հայերենին տիրապետող Գալուստ Սահակյանը։

Կռվելու է ՀՀ քաղաքացիների այն շերտը, որն արժանապատվություն ունի և հայաստանակենտրոն մտածելակերպ։ Բայց որպեսզի խուսափենք այդ պատերազմից, կամ եթե խուսափելն արդեն անհնար է, ապա հաղթենք հնարավոր պատերազմում, պետք է նախ և առաջ կարողանանք նորմալ պետություն կառուցել։

Հայաստանն իր արտաքին թշնամիներին երբեք չի պարտվի, եթե հաղթանակ ունենա ներսում։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը