Հարցազրույց

30.10.2009 19:00


Վահան Շիրխանյան.

Վահան Շիրխանյան.

Հարցազրույց Հայաստանում Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Վահան Շիրխանյանի հետ

-Ինչպե՞ս եք վերաբերում այն փաստին, որ թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու է առաջադրվել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը։ 

-Միմիայն դրական։ Դժվար թե ընտրվի, դժվար թե դառնա պատգամավոր, բայց, որպես քաղբանտարկյալ, քաղաքական մոտիվներով հետապնդվող, քաղաքական առումով արդարացված, ճիշտ քայլ է դա։ Կարող է նաև հանկարծ այնպիսի մեծ առավելությունով ընտրվի, որ դժվար լինի ճանապարհը փակել դեպի խորհրդարան։ Ամեն ինչ պատահում է։ Կարող է և իսկապես պատգամավոր դառնալ։

-Այդ քայլի բուն նպատակը ո՞րն է։

-Ցույց տալ ժողովրդի, ընտրողի, քաղաքացու, հասարակության, Երևանի, կենտրոնի բնակիչների գոնե մի մասի իրական վերաբերմունքը   Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։

-Այդ նույն ընտրատարածքում առաջադրվելու ցանկություն էր հայտնել նաև ՀԱԿ-ին անդամակցող «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը։ Հոկտեմբերի 26-ին անդրադառնալով այդ փաստին՝ ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը «7օր»-ին ասել էր՝ քանի որ Կոնգրեսի նպատակն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, ապա Սուրենյանցի քայլը հակասում է ՀԱԿ-ի ռազմավարությանը։ Հակասություն չե՞ք տեսնում, որ Ս. Սուրենյանցի առաջադրումը դիտվում է որպես ՀԱԿ ռազմավարության հետ չհամընկնող քայլ, իսկ Ն. Փաշինյանին ՀԱԿ-ն աջակցում է։ Ասեմ, որ ընդհանուր առմամբ, ճիշտ է անում ՀԱԿ–ը, որ սատարում է Փաշինյանին։ Դուք ինչպե՞ս կմեկնաբանեիք։

-Իհա՛րկե հակասություն տեսնում եմ, բայց այդ դիրքորոշման փոփոխելու առիթն իրենք կարող են ասել։ Ինձ թվում է, որ այսօրվա իրենց դիրքորոշումն ավելի ճիշտ է, քան նախորդը։ Եթե կան ընտրություններ, ինչո՞ւ չմասնակցել։ Իսկ եթե վաղը 10-20 տեղ լինի ընտրվելու, և ԱԺ-ում ինչ-որ եղանակ փոխելու, առողջ մթնոլորտ մտցնելու հնարավորություն լինի, ինչո՞ւ դրանից չօգտվել։ Եվ հետո ես չեմ համարում, որ Սուրենյանցը մրցակից է Նիկոլ Փաշինյանին։ Ն. Փաշինյանի դերը քաղաքական դաշտում անհամեմատելի է Սուրենյանցի հետ։

-Այս պահին արտահերթ համապետական ընտրությունները հնարավոր համարո՞ւմ եք։

-Արտահերթ ընտրություններ լինում են Սահմանադրությամբ գրված դեպքերում միայն։ Նման դեպք կամ նման իրավիճակի ստեղծման հավանականություն ես այսօր չեմ տեսնում։

-Կարելի՞ է ասել, որ Նիկոլ Փաշինյանի առաջադրմամբ ՀԱԿ-ն ընտրողներին հասկացնում է, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու։

-Ես այդպես չէի ասի։ Նիկոլ Փաշինյանը գտնվում է բանտում, կարգավիճակն ուրիշ է, և դա նրան օգնելու ինչ-որ մի ճանապարհ է, որից պետք է անպայման օգտվել. մի կողմից քաղաքական խնդիր կա, մյուս կողմից՝ զուտ մարդկային։ Իսկ դրանով ցույց տալ, որ, հանգստացե՛ք, այլևս մենք չենք գնալու, այդպիսի բան չկա. Կոնգրեսը բազմաթիվ անգամ է հայտարարել, որ պայքարելու է մինչև վերջ և հասնելու է սահմանադրական կարգի հաստատմանը։

-Ն. Փաշինյանի նկատմամբ ժողովրդի վերաբերմունքը ցույց տալն ինչո՞վ կօգնի նրան։

-Կօգնի նրանով, որ և՛ Հայաստանի հասարակությանը, և՛ համաշխարհային հանրությանը ցույց կտան, թե մարդիկ ինչպես են վերաբերվում մի մարդու, ով նստած է բանտում և մեղադրվում է, Աստված գիտի, թե ինչի համար։ Առաջինը բարոյական է։ Իրավական օգնություն կլինի միայն այն դեպքում, եթե նա ընտրվի և որպես պատգամավոր՝ ազատ արձակվի։ Բայց դա էլ կարող է կարճ ժամանակ տևել՝ գան ԱԺ, նորից սանկցիա վերցնեն, նորից տանեն։

Զրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

 

Այս խորագրի վերջին նյութերը