Մեկնաբանություն

09.05.2015 20:10


Մեր կռիվն ու կինոն

Մեր կռիվն ու կինոն

Էն անտեր կիստուկը՝ լայնաճակատ-լայնաճաղատ առաջին բոլշեւիկը, ճիշտ էր ասում, որ արվեստներից ամենակարեւորը կինոն է:

Վրացիներն էլ շատ արագ էին ընկալել այդ միտքը, ու Հայրենական մեծ պատերազմից ընդամենը 19 տարի հետո՝ 1964 թվականին, նկարեցին «Զինվորի հայրը» ֆիլմը (ռեժիսոր՝ Ռեւազ Չխեիձե):

«Զինվորի հայրը» ֆիլմի պրեմիերայից հետո սովետական ժողովուրդն ու ողջ աշխարհը համակվեցին գլխավոր հերոսի՝ Սերգո Զաքարիաձեի խաղով: Լավ, դա մի կողմ: Այդ ֆիլմով ողջ աշխարհն այնպիսի զգացողություն ունեցավ, որ առանց վրաց ժողովրդի հազիվ թե սովետական ժողովուրդը կարողանար հաղթել: Ահա այսպիսի տպավորություն թողեց այդ վրացական ֆիլմը:

Իսկ մենք վրացիներին «տուտուց» ենք համարում: Մի ժողովուրդ, որը, հայերի համեմատ, կարելի է ասել, զրոյական դերակատարություն է ունեցել Հայրենական մեծ պատերազմի հաղթական ելքի հարցում, այդ ֆիլմով ցույց տվեց, որ հաղթանակի գործում առաջնային դերակատարությունն իրենն է:

Մենք արդեն 70 տարի խոսում ու գրում ենք այն մասին, որ ունեցել ենք 300 հազար զոհ, ունենք 100 գեներալ ու մարշալ (վրացիներն այդ թվերին մեկ-երկու գեներալ ունեին): Մենք այդպես էլ չկարողացանք «Զինվորի հայրը» ֆիլմի նման մի ֆիլմ նկարել, բայց համարյա գլուխ գովելու պես ենք ասում, որ կովկասյան ժողովուրդներից ամենաշատ զոհերը մենք ենք տվել: Ո՞ւմ պետքն է դա, երբ 70 տարի երեք ժողովուրդներին նույն արշինով են չափում:

Մենք այդպես էլ չկարողացանք 100 տարում Հայոց ցեղասպանության մասին հրեական «Շինդլերի ցուցակը» ֆիլմի նման մի ֆիլմ նկարել:

Փառք Աստծո, գոնե կարողացանք Արցախյան պատերազմի մասին մի ֆիլմ նկարել՝ «Մի՛ վախեցիր»-ը: Ես շատ եմ հավանում այդ ֆիլմը, որի ռեժիսորը Արամ Շահբազյանն է: Թեպետ, 2007-ին տեղի ունեցած հեռուստապրեմիերայից հետո, իմ տասը տարեկան աղջիկը ողբում էր, որ զոհվեց իր սիրելի հերոսը՝ Արման Արամյանը (դերակատար՝ Խորեն Լեւոնյան):

Մեր հաղթանակը պատկերող ֆիլմում հերոսը չպետք է մեռներ, բայց...

Բայց սիրում եմ այդ ֆիլմը:

Ամերիկացիներն իրենց ֆիլմերում գերհերոսներ են ներկայացնում, որոնք երբե՛ք չեն մեռնում... Իսկ մենք կյանքում ենք կեղծ հերոսներ ստեղծում, թույլ ենք տալիս, որ նրանք նստեն մեր գլխին, ու հետո զարմանում ենք, թե աշխարհն ինչու չի հասկանում մեզ...

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը