Աշխարհ

09.05.2015 10:05


ԱՄՆ–ը կոչ է արել Հունաստանին «Թուրքական հոսքի» փոխարեն գազատար կառուցել դեպի Ադրբեջան

ԱՄՆ–ը կոչ է արել Հունաստանին «Թուրքական հոսքի» փոխարեն գազատար կառուցել դեպի Ադրբեջան

Ինչպես գրում է «Գազետա»–ն՝ հունական «protothema.gr»–ին հղումով, ԱՄՆ–ը կոչ է արել հունական իշխանություններին հրաժարվել «Թուրքական հոսք» գազատարի նախագծից՝ հանուն Տրանսադրիատիկյան գազատարի, որը դիվերսիֆիկացնում է եվրոպական մատակարարումներն ադրբեջանական գազի միջոցով։

ԱՄՆ պետքարտուղարության՝ էներգետիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Էյմոս Հահշթեյնն Աթենքում հունական իշխանություններին խորհուրդ է տվել դիվերսիֆիկացնել գազամատակարարումները Տրանսադրիատիկյան գազատարի օգնությամբ, քանի որ Ռուսաստանը շարունակում է մնալ Եվրոպայի ամենախոշոր գազամատակարարը։

«Ձեզ հարկավոր է գազ ստանալ այլ աղբյուրներից, որոնք ռուսական չեն, ուղղակի մրցակցություն ստեղծելու համար», – ասել է Հահշթեյնը։

Պետքարտուղարության ներկայացուցչի խոսքերով՝ Ադրբեջանն՝ իբրև մատակարար, կբարձրացնի էներգետիկ անվտանգության մակարդակը Եվրոպայում և Հունաստանում։

Սակայն ավելի ուշ, «ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ, Հունաստանի էներգետիկայի նախարար Պանայոտիս Լաֆազանիսը հայտարարել է, որ Հունաստանը մտադիր չէ հրաժարվել «Թուրքական հոսք» գազատարի շինարարության նախագծից։

«Մենք աջակցում ենք գազատարը մեր տարածքով անցկացնելու նախագծին, քանի որ դա շահավետ ենք համարում մեր ժողովրդի համար։ Այս գազատարը նոր մակարդակի կհասցնի ինչպես մեր համագործակցությունը, այնպես էլ Եվրոպայում էներգետիկ անվտանգությունը։ Հունաստանը մտադիր է էներգետիկ կենտրոն դառնալ։ Մենք ձգտում ենք բազմամակարդակ ու անկախ քաղաքականություն վարել տարածաշրջանում», –հայտարարել է Լաֆազանիսը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Գազպրոմը» որոշում է ընդունել «Թուրքական հոսքի» շինարարության մեկնարկի մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը