Մեկնաբանություն

08.05.2015 12:40


«Սահմանադրական» լյուստրացիա

«Սահմանադրական» լյուստրացիա

Իշխանություններն ավարտեցին Հայոց ցեղասպանության 100–ամյակի հետ կապված «տոնակատարությունը» (իրենց որ մնար՝ կուզենային հավերժ Ցեղասպանություն «տոնել», քանզի էժանագին հայրենասիրության հնարավորություն էր ստեղծվել)։

Հիմա սկսվում է «սահմանադրական» թամաշան։ Սա արդեն առարկայական թամաշա է, քանզի փորձ է արվում ցմահ իշխանության հարց լուծել։

Սկսվել է հին ու նոր հաճախորդների հաշվառման գործընթացը։ Թամաշայի մասնակիցները սկսել են խոսել սահմանադրական փոփոխությունների թեմայով։ ՕԵԿ–ն, օրինակ, արդեն մտել է բովանդակային քննարկման մեջ, մինչդեռ ամիսներ առաջ հայտարարում էր, թե սահմանադրական փոփոխությունների կարիք չունի Հայաստանը։

Նույն ՕԵԿ–ությունն անում են մյուս «սկզբունքայինները»։

Սահմանադրական փոփոխությունները յուրօրինակ լյուստրացիայի գործառույթ են կատարում։ Ովքեր մտնում են դրա բովանդակային քննարկման դաշտ ու խոսում առաջարկներից՝ մեխանիկորեն հայտնվում են հաճախորդաց դասի մեջ։ Ընդ որում՝ կապ չունի, թե այդ հաճախորդությունը վճարովի՞ է, թե՞ անվճար։

Ակնհայտ է, որ սահմանադրական փոփոխությունները չեն արվում համակարգը բարեփոխելու համար։ Այս իշխանությունները նման հարցերով չեն զբաղվել, չեն զբաղվում և չեն զբաղվելու։

Հարցն այն չէ, թե պետական կառավարման որ մոդելի վրա կանգ կառնեն Բաղրամյան 26–ում՝ կիսանախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական։ Դա հարցի ձևական կողմն է։ Ասել է թե՝ մոդելային քննարկման դաշտ մտնողներն էլ այդ «ատմազկայով» չեն կարող հանդես գալ։ Խնդիրը հստակ է՝ կողմ ես կամ դեմ սահմանադրական փոփոխություններին, և կարծում ես, որ դրանք արվում են վերարտադրության համար կամ բարեփոխումների։

Եթե մտնում ես ցանկացած բովանդակային քննարկման դաշտ, ուրեմն առնվազն դեմ չես վերարտադրությանը, և կողմ ես մեկ մարդու իշխանական կյանքի «հավերժ» երկարաձգմանը։ Վե՛րջ։ Այլ թեմա չկա։

Սահմանադրական փոփոխություններն արվում եմ մեկ մարդու համար, քանզի գործող Սահմանադրությունը թույլ չի տալիս երկու անգամ անընդմեջ նախագահ աշխատելուց հետո անմիջապես գնալ երրորդ ժամկետին, քանզի պետք է առնվազն մեկ ժամկետ բաց թողնես։ Ահա սա՛ է սահմանադրական փոփոխությունների գլխավոր ենթատեքստը։ Թե չէ, մարդու իրավունքնե՜ր, անկախ դատարա՜ն, ֆլա՜ն, ֆստա՜ն։ Բոլորը դեմագոգիկ բարբաջանքներ են։

Սահմանադրությունն ուզում են փոխել, որպեսզի ժամկետային սահմանափակումը վերացվի։ Եվ ով սա չի հասկանում կամ ցույց է տալիս, թե չի հասկանում, խաղում է իշխանական տիրույթում։

«Սահմանադրական» լյուստրացիան շարունակվում է։

Գևորգ Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը