Մեկնաբանություն

03.05.2015 13:35


«Ազատ» ու «անկախ» մամուլի մանրամեծածախ վիճակը Հայաստանում

«Ազատ» ու «անկախ» մամուլի մանրամեծածախ վիճակը Հայաստանում

Այսօր մամուլի ազատության համաշխարհային օրն է։

«Մամուլի ազատություն» կոչվածը շատ հարաբերական հասկացություն է. կան տարբեր ընկալումներ և սահմանումներ։

Լիովին ազատ մամուլ, ըստ էության, չի լինում, և պետք էլ չի, որ լինի։ Շատ կարևոր է, որ մամուլը կարողանա ներկայացնել հասարակական–քաղաքական բոլոր շրջանակների տեսակետները։ Եթե կարծիքների բազմազանությունն ապահովված է, ուրեմն կարելի է խոսել մամուլի ազատության մասին։ Մնացածը լիրիկայի ոլորտից է։

Տոտալիտար պետություններում փակվում է այլընտրանքային տեսակետ հնչեցնելու ճանապարհը։

Ավտորիտար համակարգերում իշխանությունները փորձում են տարբեր ձևերով ճնշել իրենց վերահսկողությունից դուրս գտնվող լրատվամիջոցներին։

Դեմոկրատական պետությունները տարբերվում են տոտալիտարից ու ավտորիտարից մամուլի նկատմամբ վերաբերմունքով։

Նկատենք, որ ազատ մամուլի գոյության գլխավոր նախապայմանը մրցակցային տնտեսական ու քաղաքական համակարգն է։ Եթե չկա մրցակցություն կամ գոնե իշխանության վերահսկողությունից դուրս գտնվող ֆինանսական ռեսուրս, ապա ազատ մամուլի գոյությունը գործնականում դառնում է անհնար։ Հետևաբար, ազատ մամուլը նախ և առաջ իշխանական վերահսկողությունից դուրս գործող մամուլն է, որն էլ անկախություն է ապահովում։

Հստակեցնենք՝ ազատ և անկախ մամուլն իշխանության «տակ» չգործողն է։ Համենայնդեպս, անցումային հասարակություններում մամուլի ազատության այլ բանաձև չի կարող լինել։

Եթե քաղաքական տարբեր (հակադիր) շերտերի շահերը ներկայացված են, և հանրությունն ընտրության հնարավորություն ու այլընտրանքային մոտեցումներ լսելու տարբերակներ ունի, ապա տվյալ պետության մեջ կարելի է խոսել մամուլի ազատության մասին։

Հայաստանում լրատվամիջոցները շատ չնչին մասով են ազատ և անկախ իշխանական վերահսկողությունից։ Այդ փոքրիկ ազատության պատճառը համացանցն է և սոցիալական ցանցերը։ Թեև, բացառությամբ երկու–երեք կայքի, Բաղրամյան 26–ին հաջողվել է տոտալ վերահսկողություն հաստատել ամբողջ դաշտի վրա և ֆեյքապատել անգամ «Ֆեյսբուքը»։

2008ից ձևավորված իշխանությունները որոշեցին գնել լրատվական դաշտը։ Նրանք տպավորիչ արդյունքների են հասել այդ գործում։ Երբեմնի «թունդ ընդդիմադիր» լրատվամիջոցները, ինչպես նաև նորաստեղծ «անկախներն» այժմ մաս են կազմում Բաղրամյան 26–ի շահերը սպասարկող «Գեբելսյան» քարոզչամեքենայի։

Քաղաքական դաշտում առկա հաճախորդների կողքին այժմ ունենք հաճախորդ լրատվամիջոցներ, որոնք հանդես են գալիս «ընդդիմադիր», «անկախ», «արևմտամետ», «քաղաքացիական» ու այլ կարգավիճակներով, բայց բոլորն էլ նպաստում են «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցմանը։

Ի տարբերություն նախորդ իշխանությունների՝ այս իշխանությունները գաղափարական սկզբունքներ, կայուն աշխարհայացք և քաղաքական արժեքներ չունեն։ Սրանց աստվածը փողն է և փող բերող աթոռը։ Դրա համար էլ ոչ թե կռիվ են տալիս իրենց պատկերացումների համար, այլ պարզապես գնում են «սրտից թույլ» լրատվամիջոցներին՝ թույլ տալով վերջիններիս անգամ հայհոյել իրենց գնորդներին, բայց կենտրոնանալ հիմնական թիրախների՝ իշխանության համար վտանգ ներկայացնող ցանկացած սուբյեկտի վրա։

Լրատվամիջոցներն էլ, թերևս «բնակարանային հարցից» դրդված, տրվել են իշխանություններին ու երջանիկ են իրենց զգում։ Ճիշտ է, երբեմն «անկախ» մամուլի ներկայացուցիչներին հրապարակավ փչացնում են իշխանության այս կամ այն ներկայացուցիչները (վերջերս նախագահականի աշխատակցուհին հրահանգել էր Սերժ Սարգսյանին սպասող լրագրողներին «մաքրվել» տարածքից), բայց դա «անկախ» մամուլի՝ հանրության հաշվին «լավ ապրելու» գինն է, և իրենք պետք է համակերպվեն այդպիսի նվաստացուցիչ վերաբերմունքի հետ։ Մարմնավաճառների հետ էլ են նույն կերպ վարվում փող վճարողները՝ հրամայելով նրանց այս կամ այն դիրքն ընդունել։

Նեոբոլշևիկյան այս իշխանությունը որոշել էր սեփականության վերաբաշխում և գերկենտրոնացում ապահովել։ Նրանց այդ գործում գործընկերներ էին պետք՝ ի դեմս քարոզիչների ու հանրությանը կեղծ թիրախներ մատուցողների։ Հենց այդ հողի վրա էլ տեղի ունեցավ գործարքը։

Թրաֆիքինգի ենթարկվեցին լրատվամիջոցների հսկայական խմբաքանակներ՝ իրենց խմբագիրներով, լրագրողներով ու վերլուծաբաններով հանդերձ։ Իսկ դա նշանակում է, որ վերջին տարիներին արձանագրված խայտառակ արդյունքների համար պատասխանատվություն են կիսում նաև «Գեբելսյան» քարոզչագործիքները, որոնք ապրում են հանրային թալանից ստացվող և իրենց նետվող փշրանքների միջոցով։

Մի քանի հարյուր մարդու գնելով՝ իշխանություններն առայժմ մարսում են մի քանի հարյուր հազար մարդու արտագաղթի պատճառ դարձած քաղաքականությունը, բայց դե, ոչինչ հավերժ չէ այս կյանքում։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը