Լրահոս

30.11.2010 17:41


«Wikileaks». Բացահայտումներ հայ–վրացական հարաբերությունների վերաբերյալ

«Wikileaks». Բացահայտումներ հայ–վրացական հարաբերությունների վերաբերյալ

Օգոստոսյան պատերազմի ողջ ընթացքում Հայաստանի ղեկավարությունը փորձել է կապ հաստատել վրացական իշխանությունների հետ, սակայն ապարդյուն: Այս մասին է վկայում Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենիգտոնի' 2008-ի օգոստոսին գրված նամակը, որի տեքստն անցած գիշեր հրապարակվեց «Wikileaks» կայքում։

Ամերիկացի դիվանագետը գրում է, որ մասնավոր զրույցների ընթացքում հայ պաշտոնյաներն ավելի ու ավելի նյարդայնացած էին այն հանգամանքից, որ Վրաստանի ղեկավարները՝ ո՛չ նախագահի, ո՛չ վարչապետի և ո՛չ էլ արտաքին գործերի նախարարի մակարդակով չէին պատասխանում իրենց հեռախոսազանգերին: Այնինչ, ինչպես մանրամասնում է ամերիկացի դիվանագետը, կողմնակալության մեղադրանքներից խուսափելու համար նախագահ Սարգսյանը ցանկացել է Մեդվեդևին և Սահակաշվիլիին զանգահարել նույն օրը: Մեդվեդևը, ի տարբերություն Սահակաշվիլիի, պատասխանել է Սարգսյանի հեռախոսազանգին, ինչը որոշակի ռուսամետության տպավորություն է ստեղծել:

Սահակաշվիլիի հետ կապ հաստատելու մի շարք փորձերից հետո Սարգսյանն, ի վերջո, նամակի տեսքով է իր աջակցությունը հայտնել վրացական կողմին, սակայն տեղական ընդդիմադիր մամուլն արդեն իսկ քննադատում էր Սարգսյանին Հայաստանի ազգային շահերի գնով Ռուսաստանին քծնելու փորձերի մեջ։

Փենինգտոնը Պետդեպարտամենտին ուղղված իր նամակում  գրել է նաև, որ վրացի պաշտոնյաները խուսափել են հայաստանցի իշխանավորների հետ դեմ առ դեմ հանդիպումներից: Մասնավորապես, Օգոստոսի 15-ի առավոտյան Հայաստանի արտգործնախարար Է.Նալբանդյանը Փենինգտոնին տեղեկացրել է, որ Հայաստանի վարչապետը մեկ շաբաթ է, ինչ չի կարողանում կապ հաստատել Վրաստանի իր պաշտոնակցի հետ: Նալբանդյանը նաև տեղեկացրել է Փենինգտոնին, որ օգոստոսի 15-ի վաղ առավոտյան Թբիլիսի վերադառնալու ճանապարհին գտնվելով Երևանի օդանավակայանում, հրաժարվել է հանդիպել իր հայաստանցի գործընկերոջ հետ, իր մերժումը պատճառաբանելով «անհապաղ Վրաստան վերադառնալու» հրահանգով։

-Հայաստանի կառավարությունը խուսափում է Վրաստանի հասցեին ցանկացած բացասական հրապարակային հայտարարությունից: Եթե նման հայտարարություն այնուհանդերձ հնչեցվի, Ջավախքի հայության արձագանքը կարող է շատ վտանգավոր լինել Վրաստանի համար,- Փենինգտոնին ասել է Նալբանդյանը, հավելելով, որ այդ խաղաղաքրտը չի օգտագործվի, բայց իրականությունը դա է։

Այս խորագրի վերջին նյութերը