Լրահոս

29.10.2009 16:21


ՀՀԿ պատգամավորը վստահեցնում է, որ անկախ բանակցային գործընթացներից` ժողովուրդն է վերջնական որոշում կայացնողը

ՀՀԿ պատգամավորը վստահեցնում է, որ անկախ բանակցային գործընթացներից` ժողովուրդն է վերջնական որոշում կայացնողը

-Ղարաբաղի հարցը լուծել է Ղարաբաղի ժողովուրդը ամբողջ հայ ժողովրդի հետ միասին, և այս խնդիրը որևիցե մեկին թող չվախեցնի։ Իսկ մնացած բանակցային այդ գործընթացները, որոնք տեղի են ունենում Մինսկի խմբի շրջանակներում, առավել շատ ինձ թվում է՝ դիվանագիտական իմիտացիա են, որովհետև Ադրբեջանն էլ, ի վերջո, իր խնդիրներն է դնում, բայց  որ ասում են՝ Ղարաբաղը տվեցին, դա.... այդ ո՞վ  է Ղարաբաղ տվողը։ Գնացե՞լ եք, այդ ժողովրդին հարցրե՞լ եք՝ տալի՞ս են, թե՞ չեն տալիս։ Իհա՛րկե չեն տալիս,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի մասին՝ ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը։

ՀԺԿ վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանն էլ նշել  է, թե Ղարաբաղի ժողովրդին, ցավոք, չեն լսում։

-Վերջում ժողովուրդն է որոշում կայացնում։ 1988-ի շարժման ժամանակ էլ  բազմաթիվ կոմունիստական ղեկավարներ՝ հայեր, դեմ էին պայքարին, բայց, ի վերջո, ժողովուրդը որոշեց՝ պայքարն սկսե՞լ, թե՞ ոչ։ Գնաց ու հաղթեց,- իր ասածը պնդել է ՀՀԿ պատգամավորը։

-Որովհետև այն ժամանակ իդեալոգիա կար, համախմբում կար, հավատ կար։ Ցավոք սրտի, ոչնչացրին այդ հավատը։ Իշխանությունները ոչնչացրին դա,-ասել է Գրիգորի Հարությունյանը։

-Ես կասեի՝ ընդդիմությունը դա արեց,-հակադարձել է Համլետ Հարությունյանը։

ՀԺԿ վարչության քարտուղարը, սակայն, պնդել է, որ իշխանություններն են սկսել թալանել ու օլիգարխիկ համակարգ ստեղծել։

-Ես առնվազն ընդդիմության մեջ հազարավոր մարդիկ ցույց կտամ, որ Զանգիբասարի թալանի հիմնադիրներն ու գաղափարախոսներն էին։ Իմացեք, որ իշխանության սկզբնավորողը դո՛ւք եք, և բոլոր արատների ու առավելությունների հիմնադիրներն էլ եք դուք։ Եթե թալանը չանեիք, դա, որպես գաղափարախոսություն, այսպես չէր արմատավորվի։ Վատը գիտե՞ք՝ որն է՝ այդ թալանչիները կուրծք են ծեծում ու մեղադրում մյուս թալանչիներին։ Այդ երկու կողմին էլ պիտի տանել համապատասխան վայրերը,-ասել է Համլետ Հարությունյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը