Մեկնաբանություն

28.04.2015 22:40


Հրանուշը պետական գաղտնիք է բացահայտել

Հրանուշը պետական գաղտնիք է բացահայտել

Սփյուռքի նախարար աշխատող Հրանուշ Հակոբյանը պետական գաղտնիք է բացահայտել։ Ընդ որում՝ մի քանի գաղտնիք։

Առաջինը վերաբերում է «Արի տուն» ծրագրին։ Նախկինում չէր ասվում, բայց հիմա արդեն բացված ձևով է մատուցվում ծրագիրը, այն է՝ «Արի տուն, 1000 դոլարի հաշիվ բա՛ց բանկում և ավել–պակաս մի՛ խոսիր»։

Մյուս գաղտնիքը, որ բացահայտել է կոմսոմոլ–ցեղակրոն Հրանուշը, վերաբերում է մեր երկրի տնտեսական վիճակին ու վարվելիք տնտեսական քաղաքականությանը։

Հրանուշը ներսի մարդ է ու գիտի, թե ինչ վիճակում է մեր տնտեսությունը, և ինչ են մտածում վերևներում։

Վերևում գիտեն, որ մսխել են միլիարդավոր դոլարի վարկային միջոցները։ Գիտեն նաև, որ նոր միջոցներ հայթայթելու հարցը լուրջ է։ Նրանք գցել–բռնել են ու հաշվել, որ դրսում ահագին հայեր կան (Տիգրան Սարգսյանն ահագին աշխատեց, որպեսզի «Հայկական աշխարհը» համալրվի հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիներով), և եթե սփյուռքահայերին հաջողվի խաբել ու համոզել, որպեսզի նրանք փող դնեն հայկական բանկերում, ապա իրենք կկարողանան լրացուցիչ միջոցներ գտնել ՀՀ քաղաքացիներին վարկավորելու համար։ Դե, իսկ վարկավորումը Հայաստանում մարդկանց ունեզրկելու «քաղաքակիրթ» ձև է։

Եթե 100 տարի առաջ երիտթուրքերը զոռով էին խլում հայերի ունեցվածքը, ապա սրանք դա անում են առանց բռնության՝ ՀՀ քաղաքացիներին տոկոսի տակ մտցնելու օգնությամբ։

Վերջին տարիներին հենց այդպես էլ արել են, բայց հիմա փողը պակասել է, և բանկերը վարկ չեն տալիս։ Իշխանություններն էլ որոշել են տարբեր ճանապարհներով փող «կպցնել» դրսից։ եվրաբոնդերը թանկ են նստում։ Դրա համար էլ որոշվել է Սփյուռքին կանչել տուն, փող պոկել և տնտեսության մեջ «ցիրկուլյացիա» ապահովել։ Հրանուշն էլ լսել է այս «գինիալնի» պլանի մասին ու բացբերանություն արել։

Տնտեսությունը դեֆոլտի եզրին է, և մնացել է Սերժ Թանկյանի, Քիմ Քարդաշյանի ու մյուսների վրա մուննաթ գալն ու նրանցից պարտադիր կուտակային 1000 դոլար պոկելը՝ բանկային հաշիվների բացման տարբերակով։ Սա «Սփյուռքը կթու կով չէ» բանաձևի իրական բովանդակությունն է։ Հրանուշը հենց դրա՛ մասին է բարբաջել տեսախցիկի առաջ։

Այս պատմության մեջ միայն մեկ հարց է բաց մնում։ Ե՞րբ են իշխանությունները սփյուռքահայերին կոչ անելու գալ Հայաստան, մեքենա գնել, գոնե մեկ շաբաթով կանգնեցնել այդ մեքենան կարմիր կետագծերի տարածքում և «պարկովկայի» գումար թողնել, հետո պարբերաբար խախտումներ անել ու տեսախցիկների միջոցով հայտնաբերված տուգանքները վճարել։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան փող կմտնի սոցիալապես անապահով մարդկանց անձնական բյուջե։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը