Լրահոս

29.10.2009 13:24


Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր տնօրեն Ռոխելիո Պֆիրտերին

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր տնօրեն Ռոխելիո Պֆիրտերին

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ, Organization for Prohibition of Chemical Weapons, OPCW) գլխավոր տնօրեն Ռոխելիո Պֆիրտերին (Rogelio Pfirter):

Ողջունելով հյուրին' նախարար Նալբանդյանը դրական գնահատեց Քիմիական զենքի արգելման կազմակերպության գործունեությունը եւ պրն. Պֆիրտերի ներդրումը կազմակերպության նպատակների իրականացման գործում: Նախարարն ընդգծեց, որ

ՔԶԱԿ-ի գործունեությունը համահունչ է արդի մարտահրավերներին դիմակայելու միջազգային հանրության ջանքերին, մասնավորապես' զանգվածային ոչնչացման զենքի տարածումը կանխելու բնագավառում:

Զրուցակիցները հանգամանորեն քննարկեցին Հայաստան-ՔԶԱԿ համագործակցության հետ կապված հարցեր: Ռոխելիո Պֆիրտերը գոհունակություն հայտնեց ՔԶԱԿ ջանքերին Հայաստանի աջակցության կապակցությամբ' ուղղված Քիմիական զենքի մասին կոնվենցիայի (ՔԶԿ, Chemical Weapons Convention, CWC) համապարփակ կիրառմանը:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին' կողմերը համոզմունք հայտնեցին, որ բոլոր երկրների միացումը Կոնվենցիային կարեւոր գործոն կհանդիսանա աշխարհում կայունության ու անվտանգության ամրապնդման համար:

Այս խորագրի վերջին նյութերը