Մեկնաբանություն

26.04.2015 19:10


Ինչների՞դ վրա եք ուրախանում (տեսանյութ)

Ինչների՞դ վրա եք ուրախանում (տեսանյութ)

Հայությունը «էյֆորիայի» մեջ է:

«Վա՛խ, հայեր ջան, ես ձեր ցավը տանեմ», «Վա՛խ, մենք հարատեւ ենք, մեզ կոտրել չկա», «Վա՛խ, էս ինչ ոգեւորություն է, կեցցե՛ք, ՀՀ նախագահ»:

Վերջին օրերին այս եւ նմանատիպ գրառումներ կարդացի սոցցանցերում, որոնց հեղինակները հորթային հրճվանքի մեջ էին և են: Դրանից առաջ էլ «Դարի իրադարձություն» էին որակում սուրբաթոռյան պատարագը:

Ոչինչ, որ դեռեւս 2000 թվականին Վատիկանը ճանաչել ու դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, իսկ 2001 թվականին այստեղ Ծիծեռնակաբերդում աղոթք է հնչեցրել Հռոմի պապ Հովհաննես Պողոս երկրորդը, որի առջեւ նույն օրը նույն վայրում «Ավե Մարիա» է երգել մեծն շանսոնյեն՝ Շառլ Ազնավուրը: Տեսանյութը «Յութուբում» տեղադրված է (տե՛ս ներքևում):

Ավաղ, օրեր առաջ տեղի ունեցած վատիկանյան արարողության հեղինակները չհասցրին մի ստորագրահավաք էլ կազմակերպել՝ խնդրելով «Յութուբին» հանել այդ տեսանյութը, որ իրենց «Դարի իարադարձությունը» իսկապես այդպիսին համարվի։ Պարզվում է՝ «Դարի իրադարձությունը» հիմա է տեղի ունենում: Հա՛մ խնդալու է, հա՛մ՝ չէ:

Վերջին օրերին նաեւ հայոց հեռուստաընկերություններն են «հայրենասիրության» բացառիկ տվայտանքներ ցուցադրում։ Այդ թեմայով նրանց մոլեգին զգացումները «լուծ ընկնելու» նման ինչ-որ բան են ախտորոշում:

Նրանք մինչ այս պահը դեռ «խաբար չեն», թե ինչ է ասել Սերժ Սարգսյանը թուրքական «Հյուրիեթին»: «100-ամյակի» թանկարժեք շոուների ֆոնին գլխավոր շեֆի փիառն անելու եռանդագին աշխատանքի ընթացքում հեռուստաընկերություններն իրենց այնպես են պահում, թե, իբր, չեն հասցրել ծանոթանալ Սարգսյանի խոստովանությանը, որ արել է թուրք լրագրողին՝ ասելով՝ Հայաստանը Թուրքիայից որեւէ հողային պահանջ չունի:

Պատահական չէր, որ Սարգսյանն ու «100-ամյակի» հանձնաժողովը միջոցառումների մեկնարկը տվեցին թուրք ռեժիսորի ֆիլմի պրեմիերայով, որի մասնակիցն էին: Պրոթուրքական, տխմար ֆիլմի պրեմիերայով սկսեցին:

Ի դեպ, հանրության հարկերով գործող գլխավոր հեռուստաալիքն էլ «100-ամյակի» շրջանակներում եթեր է տալիս եւ շարունակում է հեռարձակել Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի շրջանակներում պատրաստած հաղորդումները:

Նոր բան չեն ստեղծել. ֆինանսական ռեսուրսները ծառայեցվել են անճաշակ, անբովանդակ, ողորմելի մակարդակով ստեղծված երգի տեսահոլովակներ նկարահանելու նպատակին:

Ինչեւէ, մի կողմից քարոզչամեքենան ողբ ու կական է բարձրացնում, մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանն օտարերկրյա լրատվամիջոցների առջեւ ողբում է այն թեմայով, թե ինչու Թուրքիան չի վավերացնում հայ-թուրքական հակահայ ու տխրահռչակ արձանագրությունները:

Այսքան երկդիմի ու «շուստրի» մոտեցում առաջին անգամը չէ, որ տեսնում ենք: Մարդը Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու հույսը դեռ չի կորցրել: Ղարաբաղն էլ՝ ջհանդամը: Իսկ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի կասեցմանն արդեն հասել է «ֆուտբոլային» դիվանագիտություն սկսելու օրվանից ի վեր:

Մինչեւ 2008 թվականը 20 պետություն է ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը (չհաշված միջազգային կազմակերպությունները), իսկ 2008-ից մինչ օրս՝ մեկ-երկուսը, երրորրդն էլ դեռ հարց է (Գերմանիան):

Այս իշխանության համար կարեւորը «100 բարձ ապրելու համար» ծիծաղելի ծրագրի իրագործումն է, ոչ թե «100-ամյակի» շեմին 100 պետության հետ բանակցելն ու 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին իրազեկելը:

Բայց «հայոց դիվանագիտության հաղթանակների» մասին են խոսում: Կեղծիք՝ նախատեսված կատարյալ ապուշների համար:

«Ուժն է ծնում իրավունք» ասվածն այս իշխանությունը հասկացել է միայն ջահերով երթ ու թուրքական դրոշի այրում կազմակերպելու իմաստով: Պարզ է՝ երկիրը զարգացնելը դժվար է, շոուներ կազմակերպելը՝ հեշտ:

Ապրիլի 24-ին եւ 25-ին նայում էի համացանցում իրար հետեւից տարածվող, աշխարհի տարբեր ծագերում ապրող, գաղթական դարձած հայության ոգեկոչման արարողությունները պատկերող տեսանյութերը: Նայում էի ու մտածում՝ այս ծո՜վ հայությունը պետք է իր հայրենիքում ապրեր ու արարեր, նաեւ՝ ոգեկոչեր: Ավաղ: Հռոմի պապը, Քիմն ու Քանյեն, Սերժ Թանկյանն ու Սպիվակովը, Ազնավուրն ու Համաշխարհային նվագախումբը, Պուտինն ու Օլանդը, մյուս հյուրերը հեռացած հայությանը հետ չեն բերելու: Իսկ երկրի տեր ու տիրական կարգված, մեղմ ասած, ապաշնորհ կառավարիչների պետքն էլ չէ:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը