Մեկնաբանություն

25.04.2015 14:00


Անգլիական խորտակված նավերը, «արևմտամետների» սիրելի Չարլզը և թուրքական խեղկատակությունը (տեսանյութ)

Անգլիական խորտակված նավերը, «արևմտամետների» սիրելի Չարլզը և թուրքական խեղկատակությունը (տեսանյութ)

Ապրիլի 24–ին՝ Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի կապակցությամբ, պաշտոնական Անկարան որոշել էր քեֆ կազմակերպել Անտանտի երկրների համար ձախողված, իսկ թուրքական կողմի համար հաջողված Դարդանելիի օպերացիայի 100–ամյակի կապակցությամբ։

Թուրքիայի կազմակերպած այդ խեղկատակությունն ակնհայտորեն նպատակ էր հետապնդում շեղել միջազգային հանրության ուշադրությունը Մեծ եղեռնից։ Բոլորն էլ դա հասկացել էին։ Պատահական չէր, որ ոչ մի լուրջ պետություն առաջին դեմքի մակարդակով չմասնակցեց խեղկատակությանը։ Բացառություն էր միան Մեծ Բրիտանիան։

Դարդանելիի օպերացիայի կամ ինչպես այլ կերպ ընդունված է ասել՝ Գալիպոլիի ճակատամարտի օրը միշտ նշվում է մարտի 18–ին կամ ապրիլի 25–ին (նայած, թե որ օպերացիան է վերցվում որպես հիշատակի օր. մարտի 18–ը անգլիական նավատորմի ձեռնարկած Դարդանելիի օպերացիայի սկիզբն է, իսկ ապրիլի 25–ը՝ Գալիպոլի թերակղզի դեսանտի իջեցման օրը)։ Երբեք այն չի նշվել ապրիլի 24–ին։

Սակայն այս տարի Էրդողանի իշխանությունը որոշեց խախտել պատմական օրերը և շոու կազմակերպել, որը, կրկնեմ, խեղկատակություն էր։ Ու զարմանալի է, որ այդ խեղկատակությանը մասնակցում էր հայաստանյան «արևմտամետների» սիրելի արքայազն Չարլզը (հիշու՞մ եք, թե «անկախ» մամուլի կողմից ինչպիսի դիֆիրամբներ էին հղվում Չարլզին իր երևանյան այցելության ժամանակ, ու ձեռքի հետ էլ ինչպիսի գովեստի խոսքեր էին հղվում այն ժամանակ եվրաասոցացվող իշխանությունների հասցեին, թե բա տեսեք՝ ինչ առաջադեմն են «մերոնք», որ արքայազնի պես «տղեն» եկել է մեր բակը)։

Իսկ զարմանալի է Չարլզի մասնակցությունը թուրքական խեղկատակությանն այն պարզ պատճառով, որ Դարդանելիի օպերացիան բրիտանական պատմության ամենավատ էջերից է։ Այդ օպերացիայի ժամանակ անգլիական նավերը ոչնչացվեցին թուրքական զինվորների կողմից։ Անգլիան, Ավստրալիան և Նոր Զելանդիան համատեղ ավելի քան 100.000 զոհ տվեցին։ Դրա կրկնակի չափով զոհեր ունեցան նաև թուրքերը, բայց դիրքային առումով կարողացան դրական արդյունք գրանցել։ Այլ կերպ ասած՝ Չարլզը մասնակցել է իր երկրի պարտության օրը խորհրդանշող միջոցառմանը։

Դարդանելի օպերացիան այնքան անհաջող էր ու խայտառակ, որ դրանից հետո ստիպված հրաժարական տվեց այն ժամանակ Անգլիայի ուժային ղեկավար Ուինսթոն Չերչիլը, ում նախաձեռնությամբ էր մշակվել օպերացիան։

Գալիպոլիի ճակատամարտն Անգլիայի համար պարտության օր է, իսկ Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի համար՝ առաջին համաշխարհային պատերազմում անգլիական ուժայինների կողմից օգտագործված և անիմաստ տեղը զոհված իրենց հայրենակիցների հիշատակի հարգման օր։ Եվ այս պայմաններում այդ երկրների ներկայացուցիչները՝ արքայազնի գլխավորությամբ, ապրիլի 24–ին մասնակցում են թուրքական շոուին՝ ձեռքի հետ, փաստացի, դրական գնահատելով Օսմանյան կայսրության վայրագությունները հայերի նկատմամբ։

Անգլիայի մասնակցությունը Գալիպոլիի միջոցառումներին նույնն է, որ, ասենք, մայիսի 9–ին ադրբեջանցիները մեզ հետ միասին գան տոնելու 1992–ին Շուշիի ազատագրման օպերացիան։

Չալզի մասնակցությունը Գալիպոլիում ցույց տվեց, որ անգլիական նավերը ոչ միայն չեն կարող բարձրանալ հայկական լեռները, այլ նաև ունակ չեն անգամ ծովում ճիշտ ուղի ընտրել։ Բայց դե, նեղսրտել պետք չի։ Ամեն մի երկիր ինքն է որոշում իր քաղաքականությունը։

Մենք ընդամենը պետք է ի գիտություն ընդունենք այս ամենը և հզոր պետություն կառուցենք, որպեսզի թուրքերի պես կարողանանք ադրբեջանցիներին մի օր հրավիրել՝ նշելու Շուշիի ազատագրման օրը։ Իսկ դրա համար նախ պետք է մեր երկրի ներսում քաղաքական փոփոխություններ իրականացնենք ու նոր իշխանություն ձևավորենք։

Գևորգ Գևորգյան

Հ.Գ.։ Գալիպոլիի ճակատամարտն այնքան ցավալի հետք է թողել Անտանտի անդամ երկրները ներկայացնող ժողովուրդների, հատկապես անգլիացիների ու ֆրանսիացիների վրա, որ բազմաթիվ ֆիլմեր ու գրականություն կա այդ թեմայով։

Բազմաթիվ երգեր են գրվել Գալիպոլիի ճակատամարտի մասին։ Անգամ ոչ բրիտանական երկրներում կան բազմաթիվ անդրադարձներ այդ ճակատամարտին։ Ընդ որում՝ ողբերգական տեսանկյունից։

Օրինակ՝ շվեդական փաուեր–մետալ խմբերից «Sabaton»–ը երգ ունի Գալիպոլիի մասին, որը ստորև կարող եք դիտել։

Այնպես որ, Չարլզը էժանագին «նախաձեռնողականություն» է ցուցաբերել։ Ու բախտներս բերել է, որ պաշտոնական Անկարան շատ չպնդեց, այլապես Հայաստանից էլ խեղկատակությանը մասնակցող կլիներ։ Քանզի մենք էլ մեր փայ «նախաձեռնողականն» ունենք Հայաստանում, ով այս օրերին հիշել էր «ֆուտբոլային» խրախճանքը, և աջ ու ձախ հարցազրույցներ էր տալիս՝ հավաստիացնելով, որ ինքը կառչած է հայ–թուրքական տխրահռչակ արձանագրություններից, ու սպասում է, թե երբ պետք է Անկարան մի թեթև ակնարկի «քիրվայության» վերսկսման մասին...

Այս խորագրի վերջին նյութերը