Մեկնաբանություն

23.04.2015 13:45


Ի՞նչ է հիշում և ի՞նչ պահանջում Սերժ Սարգսյանը

Ի՞նչ է հիշում և ի՞նչ պահանջում Սերժ Սարգսյանը

Սերժ Սարգսյանը հայաստանյան լրատվամիջոցներին հարցազրույցներ չի տալիս։ Եթե տալիս էլ է, ապա միայն նախապես ծրագրված հարցերի շրջանակներում, որը հետագայում մոնտաժվում և տարածվում է վերահսկելի լրատվամիջոցներով։

Սարգսյանը ասուլիս–հարցազրույց է տալիս միայն միջազգային լրատվամիջոցներին։ Այն էլ՝ Ղարաբաղի կամ հայ–թուրքականի թեմայով։ Նման բան է տեղի ունեցել նաև երեկ։ Սարգսյանը պատասխանել է Հայոց ցեղասպանության, հայ–թուրքական հարաբերությունների և Ղարաբաղի թեմաներին առնչվող հարցերի։

Եթե մի կողմ թողնենք նրա խոսքում առկա լիրիկան ու պաթետիզմը, պետք է նկատել, որ ՀՀԿ ղեկավարը հակասել է ինքն իրեն։

«Մեր ցանկությունն ընդամենը նա է, որ Թուրքիայի իշխանությունները հայտարարեն, որ, այո՛, Օսմանյան կայսրությունում տեղի է ունեցել հայերի Ցեղասպանություն, հազարամյակներով այդ տարածքներում ապրած մարդկանց ծրագրված բնաջնջում: Սա է մեր ակնկալիքը»,– հայտարարել է Սարգսյանը՝ պատասխանելով «BBC»–ի՝ «Ի՞նչ եք ակնկալում Թուրքիայի նախագահից» հարցին։

Մի կողմ թողնենք այն հարցը, թե արդյոք ճի՞շտ, թե՞ սխալ ակնկալիք է ձևակերպում Սարգսյանը Հայաստանի անունից։

Տվյալ դեպքում ուշադրության է արժանի այն, որ Սարգսյանն օրերս հռչակագիր է ընդունել, որով հանդես է եկել պահանջատիրության դիրքերից, հիշել է Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի մասին, մեջտեղ բերել Սևրի դաշնագիրը։ Եվ այս ամենը՝ «Հիշում եմ և պահանջում» կարգախոսի ներքո։ Այս հռչակագիրը խոր հակասության մեջ է «Մեր ցանկությունն ընդամենը նա է, որ Թուրքիայի իշխանությունները հայտարարեն, որ, այո՛, Օսմանյան կայսրությունում տեղի է ունեցել հայերի Ցեղասպանություն» ձևակերպման հետ։

Փաստորեն, ստացվում է, որ Սարգսյանը ներքին լսարանի համար պահանջատիրության դիրքերից է հանդես գալիս, իսկ ահա միջազգային լսարանին փոխանցում է, որ ոչ մի պահանջ էլ չունի, ու սպասում է, որ Էրդողանը ընդամենը հայտարարի հայերի բնաջնջման մասին, և, բացի այդ, բարի կամք դրսևորի՝ բացելով սահմաննն ու առևտուր սկելով։ Եվ այս ամենը Էրդողանի այն լկտի հայտարարության ֆոնին, թե ապրիլի 24–ին Հայաստանում հավաքվելու են, իրենք նվագեն, իրենք երգեն։

Անցնենք առաջ։

Սարգսյանը ևս մեկ հակասական բան է ասել։

«Մենք 2009թ. բանակցել և Թուրքիայի հետ ստորագրել ենք երկու փաստաթուղթ հարաբերություններ հաստատելու վերաբերյալ: Այդ փաստաթղթերը պետք է վավերացվեին մեր Ազգային ժողովներում: Անցել է արդեն 6 տարի, թուրքերը չեն վավերացնում այդ փաստաթղթերը, այսինքն` հարաբերություններ չեն ուզում հաստատել: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ անմիջապես, հենց թուրքերը վավերացրեցին այդ փաստաթղթերը, մենք կվավերացնենք այս փաստաթղթերը: Բայց թուրքերը ասում են՝ այդ փաստաթղթերը վավերացնելու համար պետք է կարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները: Այսինքն, մենք որևէ նախապայման չենք դնում, թուրքերը նախապայման են դնում հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված»,– հայտարարել է Սարգսյանը։

Նախ՝ հիշեցնենք, որ Սարգսյանը Թուրքիա մեկնելուց առաջ հայտարարեց, որ ինքը կգնա ֆուտբոլ դիտելու կա՛մ բաց սահմանով, կա՛մ երբ մենք կլինենք սահմանի բացման նախաշեմին։

Հիմա ինքն է խոսում այն մասին, որ մենք չունենք բաց սահման, և չենք էլ գտնվում բացման նախաշեմին։

Բայց սա, ինչպես ասում են, դժբախտության կեսն է։

Փաստորեն, Սարգսյանը խոստովանում է, որ հայ–թուրքական արձանագրությունների հարցում թուրքական կողմը նախապայման ունի Ղարաբաղի մասով։ Մինչդեռ, «Ֆուտբոլային» դիվանագիտության բուռն շրջանում, երբ մենք անընդհատ պնդում էիք, որ պաշտոնական Անկարան Ղարաբաղի նախապայման է առաջ քաշում, ու չի բացելու սահմանը՝ օգտագործելով հայ–թուրքական արձանագրությունները՝ Հայաստանի վրա ճնշումներ բանեցնելու համար, իշխանական կողմը չլսելու էր տալիս մեր այդ պնդումները։

Իշխանությունները չէին ուզում տեսնել ու լսել, որ Գյուլի՝ Երևան այցին զուգահեռ՝ Էրդողանը շարունակ կրկնում է այն միտքը, որ ոչ մի սահման էլ չի բացվելու, քանի դեռ հայերը չեն զիջել Ղարաբաղի հողերը ադրբեջանցիներին։ Սարգսյանն ու Նալբանդյանը մեզ համոզում էին, որ Էրդողանի խոսքերն իրենց ներքին լսարանի համար են (ամեն մարդ մտածում է իր «նախաձեռնողականության» չափով)։

Սարգսյանն ու Նալբանդյանը նաև պարբերաբար հայտարարում էին, որ Թուրքիան Ղարաբաղի հարցով նախապայման առաջ չի քաշում, և, հետևաբար, հայ–թուրքական արձանագրությունները պետք է ստորագրել։ Թե ինչ եղավ հետո, բոլորս գիտենք։ Գիտի արդեն նաև Սարգսյանը, ով հիմա խոսում է Ղարաբաղի հարցը որպես նախապայման դարձնելու թուրքական քաղաքականության անընդունելի լինելուց, բայց համառորեն հետ չի վերցնում հայկական կողմի ստորագրությունը տխրահռչակ արձանագրություններից։

Հիմա հարց է առաջանում՝ ի՞նչ է հիշում և ի՞նչ պահանջում Սերժ Սարգսյանը։ Հարցը հռետորական է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը