Լրահոս

28.10.2009 16:29


Դավիթ Հակոբյանը խորհրդային իշխանությունից ձեռք բերած նշխարներ ունի

Դավիթ Հակոբյանը խորհրդային իշխանությունից ձեռք բերած նշխարներ ունի

-Մրցապայքարը պետք է գնա գաղափարական պայքարի ճակատում, և այդ տեսակետից մամուլից տեղեկացված իմ բոլոր հավակնորդներին, որպես լուրջ հակառակորդներ, ես չեմ տեսնում,-«7օր»-ին ասել է թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Հայաստանի մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը։

2010թ. հունվարի 10-ին կայանալիք թիվ 10 ընտրատարածքում ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությանը մասնակցելու համար ՀՀ ԿԸՀ անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել Հայաստանի մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը և անկուսակցական Էդուարդ Մադաթյանը։ Եվս մի քանի գործիչներ հայտարարել են այդ ընտրություններին մասնակցելու իրենց մտադրության մասին։

Դ. Հակոբյանը նշել է, որ ողջ հանրապետությունում ինքը գաղափարական մրցակից չի տեսնում, քանի որ իր գաղափարախոսությունը սկզբունքորեն այլ արմատներ և կառուցվածք ունի.

-Առաջադրված անհատներից բոլորն էլ մեր ազգի երեխաներն են, և ո՛չ մի հակամարտություն, ո՛չ մի թշնամանք ես նրանց նկատմամբ չունեմ։ Ընտրապայքարը պետք է ծավալել ոչ թե կոմպրոմատային մարտավարության ստրատեգիայով, այլ գաղափարակա՛ն զենքով ծնկի բերել հակառակորդին։

Ի դեպ, հոկտեմբերի 7-ին Դ. Հակոբյանը «7օր»-ին տեղեկացրել էր, որ, ամենայն հավանականությամբ, մոտ ժամանակներս կհեռանա մեծ քաղաքականությունից՝ վերջինով զբաղվելու համար անհրաժեշտ ֆինանսներ չունենալով։

Երբ այսօր հարցրել ենք Մարքսիստական կուսակցության նախագահին, թե պատգամավորության թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ ընտրագրավը ինչպե՞ս է հայթայթելու, Դ. Հակոբյանը պատասխանել է.

-Խորհրդային իշխանությունից մենք 35 տարվա իմ աշխատանքային ստաժի ընթացքում ձեռք ենք բերել նշխարներ՝ անշարժ գույքի, ֆինանսների, որոնք, կարծում եմ, այդ 3 հազար դոլարը կծածկեն։

Դ. Հակոբյանը նաև դժգոհել է, որ Հայաստանում ընտրվելու իրավունքն այս առումով ոտնահարվում է, քանի որ և՛ 500 մլն դոլարի շրջանառություն, և՛ ամսական 100 դոլարի եկամուտ ունեցող թեկնածուները միևնույն չափի ընտրագրավ են մուծում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը