Մեկնաբանություն

23.04.2015 10:35


Ի՞նչ կպարզվի ապրիլի 25–ին

Ի՞նչ կպարզվի ապրիլի 25–ին

«Ֆուտբոլասեր» այս իշխանություններին վերջնականապես հաջողվեց տոնի կամ, ավելի ճիշտ, էժանագին շոուի վերածել Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին նվիրված միջոցառումները։ Ուրիշ բան չէր էլ սպասվում Ցեղասպանությունն առևտրի առարկա դարձրածներից։

Ծիծեռնակաբերդի լույսերն անջատողները, բնականաբար, պետք է հիմա «պահանջատեր» ու «հայրենասեր» պիտակի տակ հանդես գան՝ առանց «արտադրությունից» կտրվելու՝ թուրքերին «մեսիջ» ուղարկելով, որ եթե չարաբաստիկ արձանագրությունները վավերացվեն, ապա քիրվայություն անելը կա ու կա։

Ինչ մնում է հայ ժողովրդին, ապա շատերն ապրիլի 25–ին կպարզեն, որ

–իրենց խնդիրները չեն լուծվել, և եթե հարյուր տարի առաջ թուրքերն էին արտաքսում հայերին իրենց բնակավայրերից, ապա այսօր ՀՀ քաղաքացին է փախչում իր երկրից՝ փրկվելով հայրենի իշխանությունների վարած քաղաքականությունից,

–թեև Պուտինն ու Օլանդն իրար հետ այցելեցին Ծիծեռնակաբերդ, բայց թուրքերը մեր հողերը հետ չեն տալիս,

–աշխարհն ինչպես հարյուր տարի առաջ էր, այդպիսին էլ մնացել է, և միայն «թղթաբանությունն» է ավելացել, ու եթե ինքդ բան չես ներկայացնում, ապա հետդ հաշվի նստող չկա,

–Ցեղասպանության թեմայով թամաշայից հետո Բաղրամյան 26–ը կսկսի նոր թամաշա՝ «սահմանադրական փոփոխություններ» թեմայով,

–դրսից դոլար գալու բոլոր հնարավորությունները սպառվել են, ու մենք մտնում ենք տնտեսական կոլապսի նոր փուլ,

100–ամյակը դեռ ռեժիմի հետ է,

–քաղաքական դաշտում կատարյալ մարազմ է տիրում,

–եթե իրավիճակի փոփոխությանն ուղղված քայլեր չարվեն, ապա մյուս հարյուրամյակը ոչ թե առանց ռեժիմի, այլ առանց պետության կլինի։

Ահա այս բաները կպարզեն մեր քաղաքացիները։ Իսկ թե ինչ պետք է անեն պարզելուց հետո, մեկ այլ խոսակցության թեմա է։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը