Լրահոս

28.10.2009 16:21


Հայաստանի արտգործնախարարի տեղակալներ Կարինե Ղազինյանն ու Արման Կիրակոսյանը ընդունել են Պիտեր Սեմնեբիին

Հայաստանի արտգործնախարարի տեղակալներ Կարինե Ղազինյանն ու Արման Կիրակոսյանը ընդունել են  Պիտեր Սեմնեբիին

Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Կարինե Ղազինյանն ու Արման Կիրակոսյանը ընդունեցին Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:

Ողջունելով հյուրին' հայկական կողմը գոհունակությամբ նշեց, որ Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները շարունակում են զարգանալ թե բազմակողմ, թե անդամ երկրների հետ երկկողմ ձեւաչափերով:

Փոխնախարար Ղազինյանը, ներկայացնելով Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը, նշեց, որ ծրագրի արդյունավետ իրականացումը Հայաստան - ԵՄ համագործակցության առաջնայնությունն է, եւ պաշտոնական Երեւանը շարունակելու է գործուն քայլեր ձեռնարկել հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ: Տկն. Ղազինյանը կարեւորեց բարեփոխումների գործընթացին աջակցող ԵՄ խորհրդատուների խմբի գործունեությունը Հայաստանում' այն բնորոշելով որպես արդյունավետ համագործակցության հաջողված օրինակ:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաեւ Արեւելյան գործընկերություն ծրագրի վերաբերյալ' կարեւորելով ծրագրի ներուժի ամբողջական օգտագործումը' Ասոցիացման համաձայնագրի մշակումը, Ազատ առեւտրի խորացված եւ համապարփակ համաձայնագրի կնքումը, մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացումը:  

Եվրոպական կողմի խնդրանքով, փոխնախարար Կիրակոսյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացը, ինչպես նաեւ' հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին զարգացումները:

Այս խորագրի վերջին նյութերը