Տնտեսական

28.10.2009 14:23


ՀՀ գնումների համակարգը բարելավման կարիք ունի

ՀՀ գնումների համակարգը բարելավման կարիք ունի

Պետական գնումների համակարգի բարեփոխումների շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ Համաշխարհային Բանկը գնահատել է Հայաստանի գնումների համակարգը:

Գնահատման արդյունքում կազմվել է հաշվետվություն, որը ներկա­յացնելու նպատակով օրերս միջազգային կազմակերպությունների, պետական կառա­վար­ման մարմինների, հասարակական կազմակերպությունների և ձեռնարկատիրական հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվել էր շնորհանդես-քննարկում:

Միջոցառման ընթաց­քում Համաշխարհային Բանկի փորձագետների և ՀՀ համապա­տասխան պաշտոնյաների կողմից ներկայացվել են գնահատման արդյունքները և Հայաստանի գնումների համակարգում կատարվելիք հետագա բարեփո­խում­­ները:

Գնահատումն իրականացրած խմբի ղեկավար Նաշադ Խանը նշեց, որ թեև տարածաշրջանի երկրների համեմատ Հայաստանի գնումների համակարգը գնահատվում է միջազգային չափանիշներին առավել համապատասխանող, սակայն ինչպես և ցանկացած այլ համակարգ, գնումների համակարգը ևս բարելավման կարիք ունի, մասնավորապես առաջարկվում են հետևյալ հիմնական փոփոխությունները'

1.ընդլայնել «Գնումների մասին» ՀՀ օրենքի կարգավորման դաշտը, դրանում ներառելով նաև բնական մենաշնորհ հանդիսացող ծառայություններ մատուցող կազմակերպությունների կարիքների համար իրականացվող գնումները, ինչպես նաև կոնցեսիայի և պետություն-մասնավոր հատված համագործակցության գործարքները.

2. ստեղծել պետական և տեղական, այդ թվում գործադիր իշխանության այլ մարմիններից ու պաշտոնյաներից անկախ Գնումների բողոքարկման խորհուրդ, և վերջինիս վերապահել գնումների գործընթացների շրջանակներում ներկայացվող բողոքների քննման և որոշումների կայացման լիազորությունը.

3.ապակենտրոնացնել գնումների համակարգը և գնումների կատարման, այդ թվում գնման գործընթացների կազմակերպման լիազորությունները վերապահել պատվիրատուներին.

4.գնումներին կազմակերպությունների մասնակցությունը խթանելու նպատակով պարզեցնել գնման գործընթացները, մասնավորապես ներդնել մասնակիցների հետորակավորման գնահատման համակարգ.

5.ներդնել լիազոր մարմնի' ՀՀ ֆինանսների նախարարության կողմից գնումների գործընթացի նկատմամբ հետհսկողության համակարգ:

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի Գնումների գործընթացի կարգավորման և բյուջեների կատարման մեթոդաբանության վարչության պետ  Կ. Բրուտյանը նշեց, որ նշված առաջարկներն ընդունելի են և դրանք արդեն իսկ քննարկվել և ներառվել են ՀՀ կառավարության կողմից հաստատված «Գնումների համակարգի բարեփոխումների» ռազմավարության մեջ: Միաժամանակ վարչության պետը տեղեկացրեց, որ ՀՀ ֆինանսների նախարա­րությունը առաջիկայում ՀՀ կառավարության քննարկմանը կներկայացնի «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ենթաօրենսդրական ակտերի փաթեթի նախագծեր, որոնցում կներառվեն նաև վերոհիշյալ առաջարկները:

Այս խորագրի վերջին նյութերը