Քաղաքական

21.04.2015 12:05


ՀՀ ԱԺ–ն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն ընդունեց

ՀՀ ԱԺ–ն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ  հայտարարություն ընդունեց

ՀՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ՝ այսօր գումարված արտահերթ նիստում ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունը «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ»: Այն ընդունվել է 113 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը՝

- հիմք ընդունելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի՝ 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունած «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիան, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի՝ 1988 թվականի նոյեմբերի 22-ին ընդունած «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թ. ցեղասպանության դատապարտման մասին» օրենքը,

- արժեւորելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրով ամրագրված դրույթները,

- կարեւորելով միջազգային հանրության հետ համատեղ ուժերով մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանությունների դատապարտմանը եւ կանխարգելմանն ուղղված ջանքերում հայ ժողովրդի ներդրումը,

- երախտագիտություն հայտնելով բոլոր պետությունների խորհրդարաններին, պետական եւ տեղական կառույցներին ու միջազգային կազմակերպություններին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ,

կոչ է անում բոլոր երկրների խորհրդարաններին, միջխորհրդարանական եւ միջազգային կազմակերպություններին պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշել էր, որ ՀԱԿ–ը դեմ է այս հայտարարության ընդունմանը, բայց որ դեմ չքվեարկի, պարզապես չի մասնակցի քվեարկությանը: Իսկ այսօր ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լյուդմիլա Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը և Ստեփան Դեմիրճյանը կողմ են քվեարկել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը