Մեկնաբանություն

17.04.2015 16:58


Ինչո՞ւ են լռում «գառները»

Ինչո՞ւ են լռում «գառները»

Հայաստանում տարածված մի շատ վատ տեսակետ կա, ըստ որի՝ Ղարաբաղի մասին կա՛մ լավ, կա՛մ ոչինչ։

Այլ կերպ ասած՝ Ղարաբաղում տեղի ունեցող բացասական երևույթների մասին ընդունված չէ բարձրաձայնել։

Այդ մոտեցումն ինչ–որ տեղ հասկանալի է, բայց երբ այն բացարձակացվում է և հասցվում մարազմի աստիճանի, ապա սկսում է աշխատել հենց Ղարաբաղի դեմ։

Ո՞րն է Ղարաբաղի՝ միջազգային ճանաչման հասնելու լավագույն ու միակ ճանապարհը

ԼՂՀ–ն դեռևս միջազգայնորեն չճանաչված պետություն է և փաստացի գտնվում է պատերազմի մեջ։ Պատերազմը լայնամասշտաբ բնույթ չունի, բայց ամեն օր կրակում են, ու շատ հաճախ զոհեր ենք ունենում։

Մեր հիմնական փաստարկներից մեկը, որ ներկայացվում է ԼՂՀ–ի անկախության օգտին, այն է, որ իր ներսում հաստատված հասարակական հարաբերություններով, քաղաքական մշակույթով ու տնտեսական համակարգով Ղարաբաղը զգալիորեն առաջ է սուլթանական ու ֆաշիստական ռեժիմի համադրություն հանդիսացող Ադրբեջանից, հետևաբար որևէ տարբերակով չի կարող լինել դրա կազմում։

Դեմոկրատական ինստիտուտների ու շուկայական ենթակառուցվածքների առումով Ղարաբաղն, իրոք, շահեկանորեն տարբերվում է Ադրբեջանից, բայց եթե մենք այնտեղ առկա խնդիրներից չխոսենք, հարցերը չտեսնելու տանք ու հանդուրժենք հետևողականորեն ներդրվող բռնապետական ինստիտուտները, ապա դրանով ոչ թե օգնած, այլ վնասած կլինենք Ղարաբաղին ու լրջագույն հարված հասցրած կլինենք Հայաստանի անվտանգությանը։

Ի վերջո, Ղարաբաղի ու Ադրբեջանի տարբերությունը պետք է լինի այն, որ դեմոկրատական ինստիտուտների և հանրային կյանքի կազմակերպման առումներով առաջինը շահեկանորեն տարբերվի երկրորդից։ Մինչդեռ, մենք մեր սխալ պատկերացումներով և լռությամբ կարող ենք նպաստել այն բանին, որ Ղարաբաղն ու Ադրբեջանը դառնան նույն սուլթանատը։

Բացի այդ, Ղարաբաղը պետք է լինի տեղ, ուր պաշտպանված են մարդկանց իրավունքները, և ուր մարդիկ կցանկանան ապրել։ Իսկ քաղաքական ու տնտեսական մենաշնորհը դրանց չնպաստող գործոններ են։

Ո՞վ է ասել, որ կիսապատերազմական կամ պատերազմական վիճակում գտնվող երկրում պետք է անպայման ավտորիտար մեխանիզմներով կարգավորվեն հասարակական–քաղաքական հարաբերությունները և տնտեսական կյանքը։ Իսրայելի օրինակը ապացուցում է ճիշտ հակառակը։ Այդ երկիրը տասնամյակներով ռազմական դրության ռեժիմում է, պարբերաբար խոշոր պատերազմական գործողությունների մեջ է մտել, բայց ներքին կյանքում առաջնորդվում է քաղաքակիրթ երկրներին ներհատուկ խաղի կանոններով։ Այնտեղ ընտրությունները չեն կեղծվում հանուն կեղծ հայրենասիրական գաղափարների։ Իսրայելում մարդու իրավունքների խնդիրը հակադրության մեջ չի դրվում անվտանգության խնդրի հետ։ Իսրայելը նաև լավագույն օրինակն է, թե ինչպես է պետք ներդնել շուկայական հարաբերությունները։

Հայաստանում ու Ղարաբաղում հակառակն են մտածում։ Ոմանց թվում է, թե ուժեղ իշխանությունը բռնապետականն է։ Նրանք, իհարկե, չարաչար սխալվում են։ Եթե Երևանում ու Ստեփանակերտում փորձում են հետ չմնալ մարազմատիկ Իլհամ Ալիևից ու ցմահ իշխելու հնարավորություններ ստեղծել, ապա դա ուղղակի հարված է Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգությանը։

«Գառների» լռությունն՝ ընդդեմ Ղարաբաղի

Ասելս այն է, որ հայաստանյան քաղաքական ուժերը, իրենց քաղաքացիական հասարակության զարգացման կողմնակից համարողները, մամուլի միջոցները չպետք է անտեսեն Ղարաբաղի ներքին խնդիրները և, մասնավորապես, չպետք է աչք փակեն մայիսի 3–ին կայանալիք ԼՂՀ ԱԺ ընտրությունների վրա։

Ցավալի է, բայց փաստ։ Ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը և իր թիմակիցներն անընդհատ ահազանգում են իրենց նկատմամբ ԼՂՀ իշխանությունների կիրառած ճնշումների մասին, խոսում են ընտրական գործընթացում ապօրինությունների մասին, բայց Հայաստանում «գառները» լուռ են։

Տպավորությունն այնպիսին է, որ Ղարաբաղի թեմայով լռության շուրջ «ազգային» համաձայնություն կա Հայաստանի իշխանական, իշխանամերձ, իշխանատակ ու իշխանության ազդեցությունից դուրս գտնվող (եթե այդպիսիք կան) քաղաքական ուժերի միջև։ Նրանք որևէ ռեակցիա չեն տալիս Ղարաբաղում մարդու իրավունքների կոպիտ խախտումների կապակցությամբ։ Մինչդեռ Ղարաբաղում ընտրական գործընթացին և ընդհանրապես Ղարաբաղի ներքին անցուդարձին հետևելը Հայաստանի քաղաքական ուժերի ոչ թե իրավունքն է, այլ պարտականությունը։ Չէ՞ որ բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ իրենց կամքով պաշտպանում են ղարաբաղա–ադրբեջանական սահմանը։ Բա մեզ չի՞ հետաքրքրում, թե ինչպիսի ղեկավարության և ինչպիսի համակարգի ներքո են ծառայում մեր ծնողները, եղբայրները և զավակները, հանուն ինչի՞ են արյուն թափում ու զոհվում։ Չէ՞ որ ղարաբաղցիների բարեկեցությունը, նրանց ազատ ապրելու իրավունքը և քաղաքացիական կյանքում պաշտպանված լինելն ուղղակիորեն առնչվում են անվտանգությանը։

Բացի այդ, ՀՀ–ն ամեն տարի հսկայական միջպետական վարկ է հատկացնում ԼՂՀ–ին։ Բա չիմանա՞նք, թե ինչպես են ծախսվում այդ գումարները, և ինչպիսի ռեժիմի ենք մենք ֆինանսավորում։ Իսկ ո՞րն է արդյունավետ վերահսկողության մեխանիզմը, եթե ոչ լեգիտիմ իշխանությունների առկայությունը Ղարաբաղում։

Ինչ վերաբերում է հայաստանյան, իբր թե, անկախ և արևմտամետ լրատվամիջոցներին, ապա սրանք էլ են «գառնային» լռության մատնվել և սպասարկում են հայաստանյան իշխանությունների կցորդ և հայաստանյան իշխանությունների «կրեատուրա» հանդիսացող ղարաբաղյան իշխանությունների վարքագիծը։

Թե որքան կլռեն «գառները», դժվար է ասել։ Մեկ բան ակնհայտ է՝ հայաստանցիներն իրավունք չունեն աչք փակելու ոչ միայն այստեղ, այլ նաև Ղարաբաղում տիրող ապօրինությունների վրա։

Ի դեպ, Հայկ Խանումյանը պարբերաբար իր հրապարակային տեսակետներն է ներկայացրել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության վերաբերյալ, և լավ կլիներ, որ մեզ մոտից էլ համարժեքություն լիներ։

. . .

«Կեղծենք ընտրությունները և վերարտադրվենք, որպեսզի անկայունություն չլինի, և անվտանգության հարցերը լուծվեն» կոդը սխալ է և կարող է կործանարար լինել մեզ համար։

Ոչ պակաս կործանարար է «Ղարաբաղում տեղի ունեցողի վրա աչք փակենք, որպեսզի թուրքը չուրախանա» մոտեցումը։

Պետք է ջարդել սխալ կարծրատիպերը։ «Գառների» լռությունը սխալ է։ Չէ՞ որ Ղարաբաղը կենդանի, այլ ոչ թե մեռած օրգանիզմ է, որ միայն հիշենք առիթից առիթ, այն էլ՝ բաժակաճառի կամ ցավակցական խոսքի շրջանակներում։

Մենք իրավունք չունենք լուռ հետևել, թե ինչպես են ուզում ադրբեջանական մոդել ներդնել Հայաստանում ու Ղարաբաղում՝ անունը դնելով «սահմանադրական փոփոխություններ» կամ էլ՝ «դեմոկրատական ընտրություններ»։

Պետք չէ վախենալ խոսելուց։ Դա համարյա հանցավոր արարք է դառնում։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը