Մեկնաբանություն

17.04.2015 11:55


«Ընտրական» իդիլիան Ղարաբաղում չստացվեց

«Ընտրական» իդիլիան Ղարաբաղում չստացվեց

Մայիսի 3–ին Ղարաբաղում խորհրդարանական ընտրություններ են։

Նրանք, ովքեր այդքան էլ տեղյակ չեն Ղարաբաղի քաղաքական անցուդարձից, ասենք, որ այնտեղ Հայաստանի պես չէ։ Ընտրաձայները չեն կեղծվում։ Ավելի ճիշտ՝ կեղծվում են, բայց ոչ հայաստանյան տարբերակով։

Չեն կեղծվում, քանի որ կեղծելու կարիք չկա։ Ընտրողն այլընտրանք չունի։ Նրան դեմ են տալիս իշխանական ուժերը ներկայացնող կուսակցություններին ու ասում՝ «ընտրի՛»՝ զուգահեռաբար կիրառելով վարչական լծակները։

Դե, ընտրողն էլ հասկանում է, որ ինքն ընտրելու բան չունի։ Կա՛մ չի գնում ընտրության, կա՛մ «ընտրում» է իշխանական ուժերից որևէ մեկին։

Սա էլ կոչվում է «Ձիմակրածիա պո կառաբախսկի»։ Այն, ինչին ձգտում են հասնել Հայաստանում սահմանադրական փոփոխությունների միջոցով։ Հասնել նրան, որ ընտրողն ընտրելու հնարավորություն չունենա, իսկ իշխանությունն էլ ընտրակեղծիքի վրա փող ծախսելու կարիք չունենա, տոտալ թալանով զբաղվի և հավերժ իշխի։

Հայաստանում իշխանությունը վերցնողներն ու այն ամեն գնով պահողները ՀՀ քաղաքացիներին վախեցնում են, թե բա՝ հանգիստ մնացեք, այլապես ադրբեջանցիները կառիթավորվեն։ Ղարաբաղում էլ գրեթե նույն պատկերն է, և նույնաբովանդակ քարոզ կա։

Այլ կերպ ասած՝ իշխանությունները և՛ Հայաստանում, և՛ Ղարաբաղում հիմնավորում են, որ եթե իրենց մի բան պատահի, ապա Ղարաբաղը կկորցնենք, ու շատ վատ կլինի։ Դա նրանց թալանի իրավունքի պաշտպանության հզորագույն «փաստարկն» է։ «Թալանենք հանուն Ղարաբաղի, իսկ դուք հանկարծ չընդվզեք՝ կրկին հանուն Ղարաբաղի». ահա այսպիսին է իշխանական կոդը։

Վերադառնալով ընտրությունների թեմային՝ պետք է նկատել, որ այս անգամ «ընտրական» իդիլիան Ղարաբաղում չի ստացվում, քանզի ղարաբաղցիները հնարավորություն ունեն իշխանական ուժերից զատ՝ քվե տալ նաև ընդդիմադիր ուժի՝ ի դեմս «Ազգային վերածնունդ» կուսակցության։ Այդ կուսակցության մասնակցությունն ընտրություններին խախտել է հայաստանյան և ղարաբաղյան իշխանությունների անդորրը ոչ թե կամ ոչ միայն այն պատճառով, որ այլընտրանքային ծրագրով է ներկայանում, այլ որ ամենակարևորն է՝ ինքնուրույն ուժ է և մաս չի կազմում տարիներ ի վեր կթու կովի վերածված համակարգին։ Դեմոկրատիայի և հայրենասիրության քողի տակ պետական «բուրդը» սեփականի հետ խառնածների համար սա սարսափելի բան է։ Դա է պատճառը, որ ղարաբաղյան իշխանություններն՝ իրենց ուժային կառույցներով, բան ու գործ թողած, ընկել են հիմնականում երիտասարդներով համալրված «Ազգային վերածննդի» հետևից։

Բանը հասել է այնտեղ, որ ԼՂՀ նախագահի խոսնակը, խախտելով իր լիազորությունները, տեսակետներ է հայտնում այդ ուժի վերաբերյալ և կանխատեսում ընտրության արդյունքները։ Կներեք, բայց Բակո Սահակյանի մամլո խոսնակն ո՞վ է, որ կարծիք հայտնի, թե որ ուժն է մտնելու խորհրդարան, իսկ որը՝ ոչ։ Հասկացանք, որ մարդը հրահանգ ունի, և խոսում է, բայց գոնե ձևականորեն պահպանի օրենքի տառը։ Թե չէ, ադիբեկյանություն է անում, որ ի՞նչ։

Ինչ մնում է ընտրության արդյունքներին, ապա դա միայն ղարաբաղցիների որոշելիք հարցն է։ Որքան էլ իշխանությունների դուդուկի տակ պարող Ահարոն Ադիբեկյանը թվեր նկարի ու դրանք իշխանական մամուլով տարածի, միևնույն է, հարց լուծողն ընտրողն է։

Այս անգամվա ընտրությունների լավն այն է, որ եթե ընտրողն անկեղծորեն ուզում է իր ձայնը տալ իշխանական ուժերից որևէ մեկին, ապա դա իր գործն է (թեև ղարաբաղցիներին միշտ էլ դժվար է եղել մազոխիզմի մեջ մեղադրելը)։ Իսկ եթե չի ուզում քաղաքական ու տնտեսական մենաշնորհի տակ կքած ապրել, ապա կա այլընտրանք։

Բոլոր նրանք, ովքեր դժգոհ են պետական փողերով սեփական բիզնեսներն աշխատացնող ղարաբաղյան իշխանությունների վարքագծից, ընտրության հնարավորություն ունեն։ Մի կողմում ղարաբաղյան իշխանություններն են՝ տարբեր կուսակցությունների անվան տակ, իսկ մյուս կողմում՝ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը։ Այսինքն, Ղարաբաղի ԱԺ ընտրություններին ոչ թե 7, այլ իրականում 2 կուսակցություն է մասնակցում՝ իշխանական և ընդդիմադիր։ Դա էլ հենց «ընտրական» իդիլիայի վերջն է։

Գևորգ Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը