Լրահոս

27.10.2009 17:46


Ղարաբաղի հարցում Հայաստանի դիրքերն ուժեղանո՞ւմ են

Ղարաբաղի հարցում Հայաստանի դիրքերն ուժեղանո՞ւմ են

Արտաքին քաղաքականության խնդիրների վերաբերյալ հայ երիտասարդության իրազեկությունը  բարձրացնելու նպատակով այսօր Գյումրիում ուսանողության հետ հանդիպում էր կազմակերպել «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության  վերլուծական կենտրոնը»: Քննարկման թեման, բնականաբար, հիմնականում վերաբերում էր հայ-թուրքական հարաբերություններին: Թեմայի շուրջ զեկուցողներից «Եվրոպական ինտեգրացիա» հ/կ նախագահ Կարեն Բեքարյանին լրագրողները հարց են ուղել, թե արդյոք ապրիլի 23-ից հետո Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կանգ չի՞ առել, ինչն էլ հայ-թուրքական հարաբերություններում մեր առաջին պարտությունն է, որին քաղաքագետը պատասխանել է. «Նախ՝ չեմ կարծում, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացում մենք ունենք արգելակում. միգուցե  ինչ-որ ժամանակավոր դանդաղեցում է, և երկրորդ՝ պետք է միշտ աչքի տակ ունենալ, որ Ցեղասպանությունը ճանաչած երկրները դա երբևէ չեն ճանաչել Հայաստանի կամ հայության շահերի համար. եղել է շահերի համընկնում: Այսինքն, մեր հասարակության այն տեսակետները՝ բարի դիվանագիտությանը հավատալու, դիվանագիտությունից արդարություն պահանջելու, սին են: Մեր անկախ պետականության 18-րդ տարին լրացավ, և ժամանակն է, որ մենք այդ ամենից դուրս գանք: Եթե Միացյալ Նահանգների շահերից  բխի Ցեղասպանության ճանաչումը, ապա նա դա կանի անկախ նրանից՝ սահմանները բա՞ց են, դիվանագիտական հարաբերություններ կա՞ն, թե՞ չկան», -ասել է Կարեն Բեքարյանը և հավաստիացրել, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործն իր վրա է վերցնելու Սփյուռքը, որը երկար տարիների ընթացքում  հաջողությամբ իրականացրել է այդ առաքելությունը»:

Այն հարցին, թե արդյոք վտանգավոր չէ՞, որ թուրքերը հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կապում են ղարաբաղյան հակամարտության՝ Ադրբեջանի օգտին լուծման հետ, քաղաքագետը պատասխանել է. «Ուղղակի կա փաստը՝ ի դեմս արձանագրությունների, որտեղ որևէ կերպ Ղարաբաղի անունը շոշափված չէ, և ես առավել քան վստահ եմ՝ եթե թուրքական կողմը փորձի հայտարարություններից, քաղաքական ֆոնից անցում կատարել դեպի իրավական հնարավոր հարկադրանքի մեխանիզմ, ասենք, օրինակ, ինչ-որ փաստաթղթի մեջ ներառել Ղարաբաղի հարցը, ուղղակիորեն համոզված եմ, որ հայկական կողմը դրան չի գնա, և այդ գործընթացն ընդհանրապես կկանգնի: Մենք հիմա գործ ունենք որոշ իմաստով նյարդերի պատերազմի հետ, և պետք է մի կողմից զգոն և ուշադիր լինենք»: Իսկ մյուս զեկուցող, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նույն հարցի շուրջ սենսացիոն վերլուծությամբ է հանդես եկել՝ պնդելով, որ այդ հարաբերություններից ուժեղանում են Հայաստանի դիրքերը: Սակայն քաղաքագետը որևէ լուրջ հիմնավորմամբ չի կարողացել բացատրել, թե դիրքերի հզորացումն ինչպե՞ս է լինելու. «Հարաբերությունների բարելավումը մի քանի դրական բաներ կբերի, ինչն ակնհայտ կերևա: Ամենակարևորը՝ հենց  Ղարաբաղի հարցում են ուժեղանում Հայաստանի դիրքերը: Կարծես թե զարմանալի է. Թուրքիան բացում է սահմանը, մեզ համոզում, նույնիսկ փորձում մի քիչ էլ ճնշել, որ Ղարաբաղի հարցում առաջընթաց լինի: Բայց նույնիսկ այդ պրոցեսը ցույց է տալիս, որ մենք ուժեղանում ենք հենց Ղարաբաղի հարցում: Ավելին ասեմ՝ ես կասկած չունեմ, որ Հայաստանը պետք է առաջինը վավերացնի այդ արձանագրությունները, և պետք է նստենք ու սպասենք, թե ի՞նչ են ասում թուրքերը: Հայաստանը նախաձեռնությունը չպետք է տա Թուրքիային կամ այլ երկրների: Եթե իրենք չվավերացնեն, հավաստիացնում եմ Ձեզ, որ նրանց վրա ճնշումն ահավոր մեծ է լինելու»,-իր անհասկանալի վերլուծություններով լրագրողների հետ կիսվել է Ստեփան Գրիգորյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը