Լրահոս

27.10.2009 16:15


Ալեքսանդր Իսկանդարյան. «Կվավերացվեն արձանագրությունները, թե չեն վավերացվի, գործընթացը կանգ կառնի կամ կշարունակվի, Ղարաբաղի հարցի վրա դժվար թե ազդի»

Ալեքսանդր Իսկանդարյան. «Կվավերացվեն արձանագրությունները, թե չեն վավերացվի, գործընթացը կանգ կառնի կամ կշարունակվի, Ղարաբաղի հարցի վրա դժվար թե ազդի»

«Կովկասյան ինստիտուտի» տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացը դեռ չի ավարտվել։

-Գործընթացն ընթանում է, և թե ինչ կլինի հաջորդիվ, ինչպես Թուրքիայում կընթանա վավերացման հարցը խորհրդարանում, ապագան ցույց կտա։ Իսկ թե ինչ կլինի, երբ այս ամենը կլինի, այնքան էլ ճիշտ չէ,-ասել է նա։

«7օր»-ի այն հարցին, թե հաշվի առնելով այն հանգամանքը, որ թուրքական բարձրաստիճան դեմքերը հայտարարում են, որ արձանագրությունները չեն վավերացվի առանց ղարաբաղյան հակամարտության հարցի կարգավորման՝ էլի մնո՞ւմ է այն կարծիքին, որ այս գործընթացը դրական է, Ալեքսանդր Իսկանդարյանը պատասխանել է, թե ինքը չի ասել՝ դրական է կամ դրական չէ։

-Ես ասում եմ, որ կա գործընթաց, և այն ընթանում է։ Այն մարդիկ, ովքեր կարծում են, որ կարգավորումը պետք է լինի, այս գործընթացը դրական է, այն մարդանց համար, ովքեր մտածում են՝ Հայաստանը պետք է փակ լինի, դա բացասական գործողություն է։ Իմ գործը չէ դատել՝ նրանցից ով է ճիշտ, բայց այս գործընթացը շարունակում է ընթանալ։ Ինչ վերաբերում է թուրք կամ հայ պաշտոնատար դեմքերի հայտարարություններին, ինձ հասկանալի է, թե ինչու են դրանք արվում, և հասկանալի է, թե որ քաղաքական դաշտի վրա են նրանք աշխատում,-նշել է նա։

Ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի՝ 15 տարի մեզ փաստացի ասվում էր, որ եթե կարգավորենք Ղարաբաղի հարցը, թուրքերը կբացեն սահմանը։

-15 տարի դա չի աշխատել։ Ի՞նչ է եղել, ինչո՞ւ միանգամից այն պետք է աշխատի այսօր։ Եթե 3 շաբաթում պետք է լուծվի Ղարաբաղի հարցը, ու նոր սահմանը բացվի, ինչի՞ համար էին արձանագրություններն այս տեսքով։ Կվավերացվեն արձանագրությունները, թե չեն վավերացվի, գործընթացը կանգ կառնի կամ կշարունակվի, Ղարաբաղի հարցի վրա դժվար թե ազդի,-նշել է քաղաքագետը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը